Մատչելի հղումներ

Ֆիլիպ Ռիքերը հեռանում է ԱՄՆ պետքարտուղարությունից


Կովկասյան բանակցությունների գծով ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆիլիպ Ռիքերը հեռանում է պաշտոնից։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է պետքարտուղարության մամլո ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։ Իր հայտարարության մեջ ասված է.

«Այսօր մենք հայտարարում ենք դեսպան Ֆիլիպ Ռիքերի՝ կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդականի պաշտոնից ազատվելու մասին, որն ուժի մեջ կմտնի վաղը՝ հունվարի 5-ից: Ավելի քան երեսուն տարի դեսպան Ռիքերը արտացոլում է նվիրվածություն ու ծառայություն գերատեսչությանը և Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդին, այդ թվում՝ որպես պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալ և Լոնդոնում մեր դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար:

Դեսպան Ռիքերի աշխատանքը՝ կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդականի պաշտոնում, արագացրեց ներգրավվածությունը և օգնեց կառուցել կառուցվածքային գործընթաց՝ խաղաղություն հաստատելու համար անհանգիստ տարածաշրջանում: Նրա ներդրումը վերահաստատում է այն կարևորությունը, որ Միացյալ Նահանգները տալիս է՝ Հայաստանի և Ադրբեջանի աջակցությանը երկկողմ կայուն խաղաղության շուրջ բանակցություններում, ինչպես նաև մեր նպատակին՝ Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության աջակցմանը, ուր դեսպան Ռիքերը հանդիսանում էր Ժնևի ձևաչափի բանակցություններում մեր պատվիրակության ղեկավար: Անցյալ տարվա օգոստոսին դեսպան Ռիքերի նշանակումից ի վեր մենք գիտակցում էինք և ակնկալում, որ նա այս պաշտոնը ստանձնում է կարճաժամկետ հիմունքներով մինչև անցյալ տարվա վերջ։

Դեսպան Ռիքերի հեռանալը որևէ կերպ չի խոչընդոտում Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ ապագան խթանելու Միացյալ Նահանգների հանձնառությանը։ Միացյալ Նահանգները շարունակում է երկկողմանի համագործակցությունը համախոհ գործընկերների հետ, ինչպիսին է Եվրամիությունը, և միջազգային կազմակերպությունների, ինչպիսին է ԵԱՀԿ-ը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսությունն ավելի դյուրին դարձնելու և բոլոր չկարգավորված խնդիրներին լուծումներ գտնելու համար, որոնք առնչվում են կամ բխում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ:

Դեսպան Ռիքերն իր կարիերայի ընթացքում կենտրոնացաց է եղել մեր գերատեսչության դիվանագիտական ամենադժվարին ջանքերի վրա: Խաղաղության համաձայնագրերի շուրջ նրա աշխատանքից մինչև կալանավորների ազատ արձակման վերաբերյալ բանակցություններ և ընդհանուր նրա աշխատանքում, դեսպան Ռիքերի ջանքերը կանգնեցրեցին հակամարտություններ և փոխեցին կյանքը դեպի լավը: Մենք շնորհակալություն ենք հայտնում Ֆիլին իր ծառայության համար և մաղթում լավագույնը իր կարիերայի հաջորդ փուլում: Մենք բոլորս շատ կկարոտենք նրան»,- լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Նեդ Փրայսը:

XS
SM
MD
LG