Սա նրա Սուրբ Ծննդյան 10-րդ ուղերձն է
Հռոմի Ֆրանցիսկոս Պապն օգտագործել է իր սուրբծննդյան ուղերձը՝ հիշատակելով պատերազմի ժամանակ զոհերին և կոչ արել անհապաղ դադարեցնել Ուկրաինայում պատերազմը, որը նա անվանել է «անիմաստ»:
Ելույթ ունենալով «Urbi et Orbi» (Քաղաքին և աշխարհին) կոչվող 10-րդ Սուրբ Ծննդյան ուղերձով, Հռոմի Պապը հորդորեց օգնել անօթևաններին, ներգաղթյալներին, փախստականներին, աղքատներին և բոլոր նրանց, ովքեր փնտրում են ջերմություն և սնունդ:
«Եկեք նայենք ... երեխաների դեմքերին, ովքեր խաղաղություն են տենչում ամբողջ աշխարհում»,- ասել է Ֆրանցիսկոս Պապը՝ ելույթ ունենալով Սուրբ Պետրոսի պալատի կենտրոնական պատշգամբից, որտեղ նա առաջին անգամ հայտնվեց որպես Պապ 2013 թվականի մարտի 13-ին:
«Եկեք նայենք նաև մեր ուկրաինացի եղբայրների և քույրերի դեմքերին, ովքեր տոնում են այս Սուրբ Ծնունդը մթության և ցրտի մեջ, իրենց տներից հեռու՝ տասնամսյա պատերազմի հետևանքով առաջացած ավերածությունների պատճառով», - ասաց պոնտիֆիկոսը՝ մատնանշելով ամբոխի մեջ ուկրաինական դրոշներ պարզած անձանց։
Ֆրանցիսկոս Պապը խոսեց մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ օդային ռմբակոծման ազդանշաններ հնչեցին ամբողջ Ուկրաինայում, և մեկ օր անց այն բանից հետո, երբ Կիևը հայտարարեց, որ շաբաթ օրը Ռուսաստանի կողմից նոր ազատագրված Խերսոն քաղաքի վրա իրականացված հարվածի հետևանքով զոհվել է առնվազն տաս մարդ, իսկ մի քանի տասնյակ վիրավորվել:
Նրա խոսքով, Ուկրաինայում հակամարտությունը չպետք է նվազեցնի մտահոգությունն այն մարդկանց նկատմամբ, ում կյանքը ավերվել է այլ հակամարտությունների կամ հումանիտար ճգնաժամերի պատճառով՝ մատնանշելով, մասնավորապես, Սիրիան, Մյանմարը, Իրանը, Հայիթին և Աֆրիկան: Պոնտիֆիկոսը կոչ է արել վերսկսել երկխոսությունը իսրայելցիների և պաղեստինցիների միջև Սուրբ երկրում, որտեղ ծնվել է Հիսուսը:
Ֆրանցիսկոս Պապը կրկին դատապարտել է սննդի օգտագործումը որպես զենք՝ հայտարարելով, որ Ուկրաինայում պատերազմի պատճառով միլիոնավոր մարդկանց սով է սպառնում՝ հիշատակելով Աֆղանստանն ու աֆրիկյան երկրները։