Մատչելի հղումներ

Մասկը հայտարարել է, որ կհեռանա Twitter-ի ղեկավարի պաշտոնից, երբ գտնի իր իրավահաջորդին


Նախկինում միլիարդատերը նշել էր, որ ոչ ոք չի ցանկանում ստանձնել այդ աշխատանքը

Միլիարդատեր Իլոն Մասկը, երեքշաբթի օրը հայտարարել է, որ կհեռանա Twitter-ի ղեկավարի պաշտոնից, երբ գտնի իր իրավահաջորդին: Նա միայն կշարունակի ղեկավարել սոցիալական ցանցի որոշ հիմնական ստորաբաժանումները:

«Ես կլքեմ, երբ գտնեմ մեկին, որը բավական միամիտ է ստանձնելու այս պաշտոնը: Դրանից հետո ես կղեկավարեմ միայն ծրագրային ապահովման և սերվերի թիմերը», հայտարարել է Մասկը Twitter-ում։

Հոկտեմբերին Մասկի կողմից 44 միլիարդ դոլար արժողությամբ ընկերության
ձեռքբերումը մի շարք հակասություններ առաջացրեց: Որոշ ներդրողներ մտահոգված էին, որ նա չի կարողանա միաժամանակ ղեկավարել իր Tesla էլեկտրական մեքենաների ընկերությունը, որտեղ նա անձամբ զբաղվում է արտադրության և դիզայնի հարցերով:

Մասկը առաջին անգամ նշել է Twitter-ի ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին այն բանից հետո, երբ սոցիալական ցանցի օգտատերերը կողմ են քվեարկել նրա հրաժարականին՝ միլիարդատիրոջ կողմից անցկացված հարցման ժամանակ: Նրա հեռանալուն կողմ է քվեարկել հարցման մոտ 17,5 միլիոն մասնակիցների 57,5 տոկոսը։

Շաբաթներ շարունակ Ուոլ Սթրիթում նույնպես կոչեր են հնչում Մասկի հրաժարականի մասին: Tesla-ի ներդրողները մտավախություն են արտահայտել, որ սոցիալական մեդիայի հարթակին տրվող մեծ ուշադրությունը կարող է շեղել նրան էլեկտրական մեքենաների ընկերությունը ղեկավարելուց:

Ինքը՝ Մասկը, խոստովանել է, որ չափազանց զբաղված է՝ հավելելով, որ Twitter-ի համար գործադիր տնօրեն է փնտրելու: Սակայն, կիրակի օրը նա նշել է, որ դեռևս իրավահաջորդ չկա, և «ոչ ոք, ով կարող է փրկել Twitter-ը և չի ցանկանում ստանձնել այդ աշխատանքը»։

Հոդվածը պատրաստվել է Reuters լրատվաականի նյութի հիման վրա:

XS
SM
MD
LG