Ռուսական ուժերը հարվածել են Խերսոն քաղաքի հյուսիս արևմտյան մասում գտնվող Պոսադ-Պոկրովսկոյե բնակավայրին: Ազատագրված այս բնակավայր աստիճանաբար վերադառնում են բնակիչները:
Պոսադ-Պոկրովսկոյե բնակավայրը տուժել է պատերազմի առաջին օրերին, երբ Խերսոն քաղաքը գրավվեց ռուսական ուժերի կողմից։
«Մենք թաքնվում էինք նկուղում և լսում, թե ինչպես են ընկնում հրթիռներն ու ռումբերը։ Այնքան սարսափելի էր»,- պատմում է Պոսադ-Պոկրովսկոյեի բնակիչ Նատալյան:
Ռուս զինվորականները անցան Պոսադ-Պոկրովսկոեի միջով դեպի հյուսիս: Նատալյան պատմում է, որ նրանք ականատես էին Պոսադ-Պոկրովսկոյեի միջով ռուսական զինտեխնիկայի շարժին դեպի Նիկոլաև:
Մարտի կեսերին ուկրաինական ուժերը մտան գյուղ, և նահանջող ռուս զինվորները սկսեցին հրետակոծել գյուղը:
«Ես այստեղ մնացի մինչև մարտի 24-ը: Չէի ուզում թողնել այստեղ մնացած ընտանի կենդանիներին: Բայց իմ գնալուց առաջ վերջին երկու օրը դժոխք էր: Նիկոլայովից ավտոբուսներ էին գալիս այստեղ մնացած բոլորին այստեղից տարհանելու համար»,- պատմում է Պոսադ-Պոկրովսկոյեի բնակիչ Լիդիան։
Գրեթե ինն ամիս ռուսական ուժերը հրետակոծում էին գյուղը՝ վնասելով բոլոր շինություններն այստեղ։ Սակայն նոյեմբերի կեսերին Խերսոնի ազատագրումից հետո բնակիչները սկսեցին աստիճանաբար վերադառնալ Պոսադ-Պոկրովսկոյե։ Նատալյան պատմում է, որ նախքան պատերազմը գյուղի բնակչության թիվը հասնում էր 2500-ի:
Նատալյայի տունը խոցվել է ռուսական հրթիռով: Վնասվել է նաև մոտակայքում գտնվող նրա հարազատների տունը։
«Տունը այրվել է: Եթե դուրս գաք, կտեսնեք, որ միայն խոհանոցն է մնացել… Մենք պոլիէթիլենով փակել ենք պատուհանները։ Կփորձենք վերանորոգել տանիքը և հուսով ենք, որ ձմեռը կանցկացնենք այստեղ»,- ասում է Նատալյան:
Տեղի բնակիչ Օլեքսանդրն պատմում է, որ իր տունն էլ է ավերվել։ Ամիսներ շարունակ նա ընտանիքի հետ ապրել է Նիկոլայևում, բայց այժմ ուզում է վերադառնալ։
«Այս մեքենան ընդամենը մի քանի ամսական է… Ես այն ձեռք եմ բերել հենց պատերազմից առաջ… Մի գուցե կարողանամ շարժիչը վաճառել: Ուրիշ ոչինչ չեմ կարող անել մեքենայի հետ… // Մենք տեղ ենք վարձում Նիկոլայևում և վերադառնում ենք այստեղ՝ տունը վերակառուցելու համար, առնվազն մեկ սենյակն առայժմ»,- նշում է Օլեքսանդրը:
Բնակիչներն ասում են, որ գյուղի որոշ հատվածներ ականապատված են, իսկ փողոցներում դեռ երևում են ռուսական հրթիռների մնացորդներ:
Բայց չնայած վտանգին՝ տեղի բնակիչները նշում են, որ պարզապես ուզում են տուն վերադառնալ և վերականգնել իրենց հին կյանքը:
Հոդվածը պատրաստվել է Ելիզավետա Կրոտիկիի ու Աննա Ռայսի նյութի հիման վրա