Համախմբված օրինագիծը պարունակում է հատկացումներ, որոնք ապահովում են կառավարության ֆինանսավորումը մինչև 2023 թվականի սեպտեմբերի 30-ը
ԱՄՆ Կոնգրեսը կփորձի համաձայնեցնել մոտ 1,5 տրիլիոն դոլար արժողությամբ կառավարության ծախսերի մասին օրինագիծը: Դրա համար դեմոկրատներն ու հանրապետականները ստիպված կլինեն լուծել բազմաթիվ տարաձայնություններ:
Անցյալ շաբաթ հանրապետական սենատոր Ռիչարդ Շելբին լրագրողներին ասել է, որ մոտավորապես 25 միլիարդ դոլարի հատկացումները մնում են վիճելի, ինչը նախորդ տարվա ծախսերի ընդամենը 1,7 տոկոսն է:
Հանգստյան օրերին կուլիսային բանակցություններում որոշակի առաջընթաց է գրանցվել. հատկացումների շուրջ 12 առանձին օրինագծերը պետք է միավորվեն մեկ համախմբված օրինագծում՝ կառավարության ֆինանսավորումը մինչև 2023 թվականի սեպտեմբերի 30-ը ապահովելու համար:
Հատկացումների 12 օրինագծերից ոչ մեկը դեռ չի հաստատվել Ներկայացուցիչների պալատի և Սենատի կողմից: Սա նշանակում է, որ դաշնային կառավարության գործունեությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են օդային երթևեկության վերահսկումը, ազգային պարկերը, բժշկական հետազոտությունները և բնապահպանական ծրագրերը, կարող են դժվարությունների առաջ կանգնել գոյություն ունեցող հատկացումների ժամկետի ավարտից հետո:
Եթե այս շաբաթ միաորված օրինագիծը ձախողվի, ապա դեմոկրատները, որոնք դեռևս վերահսկում են Ներկայացուցիչների պալատը և Սենատը, հավանաբար կփորձեն շտապ ընդունել ֆինանսավորման շարունակականության մասին օրինագիծ, որը հիմնականում կպահպանի բյուջեն անցյալ տարվա մակարդակին:
Այնուհետև դեմոկրատները պետք է որոշեն նման օրինագծի ընդունման ժամկետը, որը կարող է տևել մի քանի օրից մինչև մի քանի ամիս կամ մինչև հաջորդ սեպտեմբեր:
Սենատոր Բերնի Սանդերսն ասել է, որ մտահոգված է, որ կարճաժամկետ օրինագծի ընդունումը կարող է խնդիրներ առաջացնել դեմոկրատների համար նոր տարում, երբ հանրապետականները ստանձնեն մեծամասնությունը Ներկայացուցիչների պալատում:
«Կարճաժամկետ երկարաձգումը միայն ժամանակավոր լուծում է մեր առջև ծառացած շարունակվող ճգնաժամի», - կիրակի օրը CNN-ի եթերում նշել է Սանդերսը: Ըստ նրա՝ հանրապետականները փորձում են պատանդ պահել կառավարությանը, որպեսզի կրճատեն Սոցիալական ապահովությունը, Medicare-ը և Medicaid-ը, որին դեմ է սենատորը:
Երկու կուսակցությունների առաջնորդներն ասել են, որ ընթացիկ ծախսերի ուղղակի երկարաձգումը կկրճատի ազգային անվտանգության ծրագրերը, ինչը անցանկալի է:
Եթե համաձայնության հասնելու փորձերը ձախողվեն, դա կունենա հետեւանքներ։ Խոսքը, մասնավորապես, դաշնային աշխատողների հարկադիր չվճարվող արձակուրդների մասին է։ Նույնը տեղի էր ունեցել չորս տարի առաջ։
Հոդվածը պատրաստվել է Reuters գործակալության նյութի հիման վրա