Մատչելի հղումներ

ԱՄՆ Կոնգրեսը 2022 թվականին հաստատել է 430 միլիարդ դոլար կլիմայական և սոցիալական ծախսերի ծրագրեր 


Կլիմայական և սոցիալական ֆինանսավորումից մինչև միասեռ ամուսնությունների պաշտպանություն, նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետաքննություն. դեմոկրատ օրենսդիրները զբաղված տարի են անցկացրել՝ մեծամասնություն ունենալով և՛ Սենատում, և՛ Ներկայացուցիչների պալատում:

Տարին սկսվեց միջազգային ճգնաժամով, որն ԱՄՆ 117-րդ Կոնգրեսի ուշադրության կենտրոնում էր: Ռազմական և հումանիտար օգնություն ուղարկելու Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի խնդրանքը միավորեց դեմոկրատներին և հանրապետականներին:

Սենատի փոքրամասնության ղեկավար Միթչ Մաքքոնելի խոսքով՝ «Այս հակամարտությունը ուղղակի և մեծ հետևանքներ ունի Ամերիկայի ազգային անվտանգության և Ամերիկայի ազգային շահերի վրա։ Չի կարելի թույլ տալ, որ Ռուսաստանի ագրեսիան շարունակվի»։

Միացյալ Նահանգները մինչև հոկտեմբերի վերջ Ուկրաինա կուղարկի մոտ 18 միլիարդ դոլարի օգնություն, ինչի պատճառով որոշ հանրապետական օրենսդիրներ հնարավոր է կասկածի տակ դնեն ծախսերի նախագծերը:

Ըստ Ջորջ Վաշինգտոնի համալսարանի վերլուծաբան Քեյսի Բուրգաթի՝ «Քանի որ պարզ դարձավ, որ ԱՄՆ-ի կողմից երկարաժամկետ օգնություն է լինելու Ուկրաինային, մենք նկատեցինք, որ հանրապետականները մի տեսակ այլ դիրքորոշում ունեն: Եվ ի վերջո, երբ ընտրությունները մոտենում էին, նրանցից շատերն ասացին՝ «Մենք չափազանց շատ գումար ենք ծախսում Ուկրաինայի համար, մինչդեռ չափազանց շատ խնդիրներ ունենք այստեղ՝ տանը»։

Covid-19 համաճարակից հետո ամերիկյան տնտեսության վերականգնումը օրենսդիրների առաջնային մտահոգություններից էր: Բայդենը ամիսներ անցկացրեց՝ բանակցելով 430 միլիարդ դոլար կլիմայական և սոցիալական ծախսերի փաթեթի շուրջ:

Ամերիկյան համալսարանից Էմի Դեյսի խոսքով՝ «Կլիմայի փոփոխության շատ նախաձեռնություններ, որոնք իրականում փորձում էր առաջ մղել Բայդենի վարչակազմը, կապված են գնաճի նվազեցման ակտի հետ տնտեսական տեսանկյունից, ուստի այն հետ է մղում շատ այլ առաջնահերթություններ»:

Աբորտի դաշնային իրավունքը փոխելու Գերագույն դատարանի որոշումից հետո դեմոկրատները չկարողացան մեծամասնություն ապահովել երկու պալատներում: Բայց նրանք կարողացան կնքել երկկուսակցական գործարք՝ պաշտպանելով միասեռականների և միջռասայական ամուսնությունների իրավունքները:

Բայց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատներն ու հանրապետականները տարաձայնություններ ունեն 2021 թվականի հունվարի 6-ին ԱՄՆ Կապիտոլիումի վրա հարձակումը հետաքննող հանձնաժողովի շուրջ: 2020 թվականի ընտրությունները տապալելու փորձի վերաբերյալ հանձնաժողովի փրայմ-թայմ լսումները ավարտվեցին նախկին նախագահ Դոնալդ Թրամփի բացառիկ դատավարությամբ:

Ներկայացուցիչների պալատում տարին ավարտվեց խոսնակ Նենսի Փելոսիի հեռանալու մասին հայտարարությամբ՝ ավարտելով դեմոկրատների ղեկավարության երկու տասնամյակը:

«Ինձ համար ժամանակն է, որ նոր սերունդը ղեկավարի դեմոկրատական կուսակցությունը, որին ես խորապես հարգում եմ»,-հայտարարել է Փելոսին:

Նույնիսկ եթե նա չշարունակի ծառայել պալատում, վերլուծաբաններն ասում են, որ վերջինիս ժառանգությունն ակնհայտ է:

Ըստ Ամերիկյան համալսարանի վերլուծաբան Էմի Դեյսի՝ «Եթե նա վաղը դուրս գա շենքից, ազդեցությունը միանգամայն պարզ է. օրինակ՝ բոլոր հսկայական, մոնումենտալ օրենսդրական ակտերը, որոնց նա օգնեց ընդունել, փաստը, որ նա առաջին կին խոսնակն էր, պատնեշները, որոնք նա բառացիորեն քանդեց»:

Հունվարին նոր Կոնգրեսի երդումից հետո հանրապետականները կվերահսկեն Ներկայացուցիչների պալատը, իսկ դեմոկրատները կշարունակեն մեծամասնություն ունենալ Սենատում:

XS
SM
MD
LG