Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտարարել է, որ ծրագրում է երկուշաբթի ստուգումներ իրականացնել Ուկրաինայի Զապորոժժիայի ատոմակայանում այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ այն կրկին հրետակոծվել է:
Կիրակի օրը Եվրոպայի ամենամեծ ատոմակայանի շրջանում որոտացել են, ըստ ՄԱԳԱՏԷ-ի, ավելի քան մեկ տասնյակ պայթյուններ:
«Թեև ուղղակի ազդեցություն չի եղել ատոմակայանի հիմնական միջուկային անվտանգությանը և համակարգերին, հրետակոծությունը մոտեցել է վտանգավոր տարածության ատոմակայանին: Մենք խոսում ենք ոչ թե կիլոմետրերի, այլ արդեն մետրերի մասին»,- ասել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին՝ հավելելով՝ «Այն անձինք, ովքեր ռմբակոծում են Զապորոժժիայի ատոմակայանը մեծ ռիսկի են դիմում և խաղում բազմաթիվ մարդկանց կյանքերի հետ»։
Ուկրաինան և Ռուսաստանը բազմիցս միմյանց մեղադրել են ատոմակայանի թիրախավորման մեջ այս պատերազմի ընթացքում: Կրեմլի խոսնակը երկուշաբթի լրագրողներին ասել է, որ այլ երկրներ պետք է օգտագործեն իրենց ազդեցությունը Կիևի նկատմամբ, որպեսզի օգնեն դադարեցնել հարձակումները ատոմային այս կայանի ուղղությամբ:
Ըստ ռուսական աղբյուրների՝ Ուկրաինայի «Զապորոժժիա» ատոմակայանը ենթարկվել է ուկրաինական կողմի հրետակոծությանը: ՏԱՍՍ-ը մեջբերում է Rosenergoatom-ի խորհրդական Ռենատ Կարչաայի խոսքերը, ըստ ում՝ ատոմակայանի ուղղությամբ արձակվել են 15 հրետանային արկեր։ Նա հայտնել է նաև, որ հրետակոծության հետևանքով որևէ ռադիոակտիվ արտանետում չի արձանագրվել:
Իր հերթին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմներ Զելենսկին ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ընթացքում հնչած իր ելույթում կոչ է արել պաշտպանել միջուկային օբյեկտները «ռուսական սաբոտաժից»:
Նա դիմել է ՆԱՏՕ-ի անդամներին՝ խնդրելով երաշխավորել իր երկրի ատոմակայանների պաշտպանությունը «ռուսական դիվերսիաներից»:
Մադրիդում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովին ուղղված տեսաուղերձում նախագահ Զելենսկին շեշտել է՝ «մեր բոլորս շահագրգռված ենք, որ մեր միջուկային օբյեկտներում վտանգավոր միջադեպեր տեղի չունենան»:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում ձմեռային ցուրտ եղանակի պայմաններում Ռուսաստանը հրթիռակոծում է Ուկրաինայի էներգետիկ համակարգը, ներառյալ էլեկտրացանցերը և այլ հիմնական ենթակառուցվածքներ՝ միլիոնավոր ուկրաինացիներին թողնելով առանց էլեկտրականության: Միայն Զապորոժժիայի շրջանում, հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակը, ռուսական ուժերը հրթիռակոծել են քաղաքացիական ենթակառուցվածքները մոտ մեկ տասնյակ համայնքներում:
Ատոմակայանը գտնվում է ռուսական ուժերի վերահսկողության ներքո: Այն ժամանակին մինչև պատերազմը ապահովում էր Ուկրաինայի էլեկտրաէներգիայի մոտ հինգերորդ մասը: Ռուսական ներխուժումից հետո ռազմական գործողությունների արդյունքում այն մի քանի անգամ ստիպված է եղել աշխատել պահեստային գեներատորների միջոցով: