Նախագահը դիմում է ընտրողներին միջանկյալ ընտրություններից առաջ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի օրը դատապարտել է քաղաքական գործիչների սպառնալիքները չճանաչել ընտրությւոնների արդյուքները իրենց պարտության դեպքում՝ դա որակելով «ճանապարհ դեպի քաոս»։ Բայդենը կոչ է արել ընտրողներին իրենց ձայները չտալ այն մարդկանց, ովքեր ժխտում են ընտրությունների արդյունքները։
Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է, որ միջանկյալ ընտրությունները, որոնք կանցկացվեն նոյեմբերի 8-ին, առաջինն են այն ժամանակվանից, երբ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները գրոհեցին ԱՄՆ Կապիտոլիումի շենքը 2021 թվականի հունվարին։
Իր խոսքում նախագահը կոչ է արել ամերիկացիներին դիմակայել «քաղաքական բռնությանը» և «ընտրողների ահաբեկմանը» և մեղադրել իր նախորդին՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին Ամերիկայում ժողովրդավարությունը վտանգելու համար։
«Նա հրաժարվում է ընդունել ժողովրդի կամքը և այն փաստը, որ պարտվել է։ Նա չարաշահել է իր իշխանությունը և իր նկատմամբ հավատարմությունը վեր դասել հավատարմությունից դեպի Սահմանադրություն»,- հայտարարել է նախագահ Բայդենը:
Նախագահը ելույթ է ունեցել Դեմոկրատական ազգային կոմիտեի միջոցառմանը, որն անցկացվել է Կապիտոլիումի մոտ գտնվող Union Station երկաթուղային կայարանում։ Նա հորդորեց ընտրողներին երկար խորհել, թե որտեղ է գտնվում այն պահին երկիրը:
«Այսօր իմ այս ելույթի ժամանակ էլ, Ամերիկայում կան թեկնածուներ, որոնք հավակնում են տարբեր պաշտոնների՝ նահանգապետի, կոնգրեսականի, գլխավոր դատախազի, պետքարտուղարի պաշտոնի, ովքեր, սակայն, չեն պարտավորվում ընդունել ընտրությունների արդյունքները, որոնց մասնակցում են: Սա Ամերիկայում ճանապարհն է դեպի քաոս և աննախադեպ է», - ասել է Բայդենը:
Դեմոկրատական ազգային կոմիտեն ասել է, որ Բայդենը իր ուշադրության կենտրոնում է պահելու նրանց, ովքեր փորձում են խաթարել վստահությունը ընտրությունների և ժողովրդավարության նկատմամբ, և նրանց, ովքեր սպառնում են ժողովրդավարությանը գալիք շաբաթվա ընտրություններում:
Բայդենը կարծում է, որ կարևոր է բարձրաձայնել հստակ քաղաքական բռնության և նրանց դեմ, ովքեր հայտարարում են, որ չեն ընդունի ընտրությունների արդյունքները, լրագրողներին ասել է Սպիտակ տան մամլո քարտուղար Կարինե Ժան-Պիերը։
«Սա բեկումնային կետ է», - նշել է նա Սպիտակ տանը մամլո ասուլիսի ժամանակ՝ շեշտելով, որ MAGA հանրապետականներից եկող ազդանշաններն ընտրությունների արդյուքները չճանաչելու մասին սպառնալիք է ամերիկյան ժողովրդավարությանը:
Վերլուծաբանների մեծ մասը հակված է նրան, որ հանրապետականները մեծամասնություն կստանան Ներկայացուցիչների պալատում և, հնարավոր է, Սենատում: