Նախագահի վարկանիշը միջանկյալ ընտրություններից մեկ շաբաթ առաջ աճել է մինչև 40%
Նախագահ Ջո Բայդենի վարկանիշը բարձրացել է միջանկյալ ընտրություններից ընդամենը մեկ շաբաթ առաջ, որոնց ժամանակ Դեմոկրատական կուսակցությունը կարող է կորցնել վերահսկողությունը Ներկայացուցիչների պալատում, եզրակացնում է Reuters-ի կողմից պատվիրված Ipsos-ի հարցումը:
Հարցման համաձայն՝ Բայդենի աշխատանքը այժմ հավանության է արժանանում ամերիկացիների 40%-ի կողմից՝ մեկ տոկոսով ավելի, քան մեկ շաբաթ առաջ։
Չնայած այս աճին, Բայդենի վարկանիշը մնում է նրա նախագահության ամենացածր մակարդակին մոտ, և նրա վարկանիշը մեծացնում է հավանականությունը, որ նոյեմբերի 8-ի ընտրություններում հանրապետականները վերահսկողություն կստանան Ներկայացուցիչների պալատում և, հնարավոր է նաև` Սենատում:
Կոնգրեսի նույնիսկ մեկ պալատի վերահսկողությունը հանրապետականներին հնարավորություն կտա արգելափակել Բայդենի վարչակազմի օրենսդրական ռազմավարության իրականացումը։
Ջո Բայդենը պաշտոնը ստանձնեց 2021 թվականի հունվարին՝ COVID-19 համաճարակի գագաթնակետին, և նրա պաշտոնավարումն ուղեկցվել է համաշխարհային տնտեսական ճգնաժամով, որը հանգեցրել է թռիչքային գնաճի։ Այս տարի Բայդենի վարկանիշը մայիսին և հունիսին նվազել է մինչև 36 տոկոս։
Հարցվածների մոտ մեկ երրորդը տնտեսությունը նշել են որպես երկրի ամենամեծ խնդիր։ Հանցագործությունը և աբորտի իրավունքի վերացումը ամենամեծ խնդիրն է համարել հարցման մասնակիցների 10%-ը։
Հարցմանը մասնակցել է 1004 ամերիկացի, այդ թվում՝ 455 դեմոկրատ և 355 հանրապետական: Սահմանվել է 4 տոկոսի սխալի հավանականություն։
Հոդվածը պատրաստվել է Reuters գործակալության նյութի հիման վրա