ԱՄՆ-ը և G7-ի մյուս երկրները քննարկում են ռուսական նավթի գնի սահմանագիծ հաստատելու հնարավորությունը
ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը մտահոգություն է հայտնել, որ նավթի արդյունահանումը կրճատելու OPEC +-ի երկրների որոշումը կվնասի համաշխարհային տնտեսությանը, հատկապես զարգացող երկրներին։
«Կարծում եմ, որ OPEC -ի որոշումը վնասակար է և անխոհեմ: Հայտնի չէ, թե դա ինչ ազդեցություն կունենա, ի վերջո, բայց դա, իհարկե, մի բան է, որը, իմ կարծիքով, տեղին չէ այն հանգամանքներում, որոնց առերեսվում ենք», - Յելենին մեջբերում է The Hill-ը կիրակի օրը՝ հղում անելով Financial Times-ին տված վերջինիս հարցազրույցին: «Մենք շատ մտահոգված ենք զարգացող երկրներում առկա (իրավիճակով) և նրանց առջև ծառացած խնդիրներով»:
Հիշեցնենք, որ OPEC +-ը նավթի արդյունահանման կրճատման մասին հայտարարություն էր արել անցած չորեքշաբթի։
Յելենը հրաժարվել է պատմել Financial Times-ին այն քայլերի մասին, որոնք ԱՄՆ-ը կձեռնարկի՝ հակազդելու OPEC +-ի արտադրության կրճատմանը, որը սպառնում է բարձրացնել բենզինի գները:
«Նախագահը երկար ժամանակ կենտրոնացած է եղել բոլոր առկա տարբերակների ուսումնասիրության վրա՝ փորձելով իջեցնել (նավթի գները)», - ասել է Յելենը:
Հիշում ենք նաև, որ ԱՄՆ-ը և G7-ի մյուս երկրները քննարկում են ռուսական նավթի գնի սահմանագիծ հաստատելու հարցը՝ Մոսկվայի կողմից Ուկրաինա ներխուժման ֆինանսավորման աղբյուրը դադարեցնելու համար, սակայն այս հարցի շուրջ համաձայնություն դեռ ձեռք չի բերվել։
OPEC +-ի կողմից արդյունահանման կրճատումը, որը ներառում է OPEC -ի 13 երկիր և 11 այլ երկիր, այդ թվում՝ Ռուսաստանը, կարող է բարձրացնել գները և խթանել Ռուսաստանի նավթի արտահանման եկամուտները՝ ստեղծելով նոր խոչընդոտ G7-ի փորձերին՝ Մոսկվայի ֆինանսական դիրքերը թուլացնելու ուղղությամբ:
«Գների զսպումը մի բան է, որը հատկապես օգտակար է զարգացող երկրների համար, որոնք տառապում են էներգակիրների բարձր գներից», - ասել է Յելենը: