Մատչելի հղումներ

Բայդեն. Պուտինը «չի կատակում» միջուկային զենք օգտագործելու հարցում


Միացյալ Նահանգների նախագահն ասել է, որ Ռուսաստանի ղեկավարի սպառնալիքներն իրական են, քանի որ նա գիտակցել է իր զինված ուժերի ցածր արդյունավետությունը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ միջուկային «Արմագեդոնի» վտանգը ամենաբարձր մակարդակի վրա է 1962 թվականի Կուբայի հրթիռային ճգնաժամից ի վեր։

Բայդենի մեկնաբանությունները հնչում են ռուս պաշտոնյաների պնդումների պայմաններում, որ մարտավարական միջուկային զենքը կարող է օգտագործվել Ուկրաինայում ութ ամիս տևած ներխուժման ընթացքում հսկայական անհաջողություններից հետո:

Ելույթ ունենալով դրամահավաքի ժամանակ՝ Բայդենն ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այն մարդն է, ում նախագահը «բավականին լավ» է ճանաչում, և Ռուսաստանի ղեկավարը «չի կատակում, երբ խոսում է մարտավարական միջուկային զենքի, կենսաբանական կամ քիմիական զենքի կիրառման մասին»:

«Մենք չենք բախվել Արմագեդոնի հեռանկարին Քենեդու և Կուբայի հրթիռային ճգնաժամից հետո», - ավելացրեց նախագահ Բայդենը:

Նա հասկացրեց, որ Պուտինի սպառնալիքներն իրական են, «որովհետև նրա զինված ուժերը, կարելի է ասել, այնքան էլ արդյունավետ չէին», ինչպես նա ակնկալում էր։

ԱՄՆ պաշտոնյաները ամիսներ շարունակ զգուշացնում են Ուկրաինայում զանգվածային ոչնչացման ռուսական զենքի կիրառման հնարավորության մասին, քանի որ ռուսական բանակը ռազմավարական մի շարք պարտություններ է կրել մարտի դաշտում:

Այնուամենայնիվ, Բայդենի խոսքերը ամենախիստ նախազգուշացումն է միջուկային զենքի կիրառման մասինլ, որոնք հնչել են ԱՄՆ կառավարության կողմից։

Այս շաբաթ ԱՄՆ պաշտոնյաները հայտնել են, որ իրենք որևէ փոփոխություն չեն արձանագրել ռուսական միջուկային ուժերի տեղաշարժի հարցում, որը կհանգեցներ որոշակի փոփոխությունների ԱՄՆ միջուկային ուժերի պատրաստվածության մակարդակում:

«Մենք ոչ մի պատճառ չենք տեսնում մեր միջուկային ուժերի կոնֆիգուրացիան հարմարեցնելու համար: Մենք նաև ազդանշաններ չենք տեսնում, որ Ռուսաստանը պատրաստվում է մոտ ժամանակներս միջուկային զենք կիրառել»,- ասել է Սպիտակ տան մամլո քարտուղար Կարին Ժան Պիերը:

Փորձագետների կարծիքով, 1962 թվականին 13-օրյա դիմակայությունը, որը սկսվեց այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը բացահայտեց, որ Խորհրդային Միությունը գաղտնի միջուկային զենք է տեղադրել Կուբայում, միջուկային պատերազմի ամենամոտ կետն էր:

Բայդենը նաև վիճարկեց ռուսական միջուկային դոկտրինը՝ զգուշացնելով, որ ցածր արտադրողականության տակտիկական միջուկային զենքի օգտագործումը կարող է արագ դուրս գալ վերահսկողությունից և հանգեցնել համաշխարհային աղետի: Խոսելով Դեմոկրատական կուսակցության նվիրատունեի հետ՝ Բայդենն ասել է, որ դեռ փորձում է պարզել, թե ինչպես է Պուտինը պլանավորում խուսափել Ուկրաինայում պատասխանատվությունից:

Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն էլ անցյալ շաբաթ ասել է, որ ԱՄՆ-ը հստակ բացատրել է Ռուսաստանին, թե ինչ հետևանքներ կունենա Ուկրաինայում միջուկային զենքի կիրառումը։

«Սա մի բան է, որին մենք հանձնառու ենք, մի բան, որին մենք շատ լուրջ ենք վերաբերվում և ուղղակիորեն խոսում ենք Ռուսաստանի հետ, ներառյալ, թե ինչ կտրուկ գործողություններ կձեռնարկի ԱՄՆ-ը, եթե Մոսկվան գնա այս աղետալի ճանապարհով», - ասել է Սալիվանը:

Հոդվածը պատրաստվել է Associated Press գործակալության նյութի հիման վրա

XS
SM
MD
LG