Ուրբաթ օրը Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ իշխանությունները 440 անհայտ գերեզման են հայտնաբերել Իզիում քաղաքում գտնված հսկայական գերեզմանատանը: Ուկրաինան քաղաքը ռուսական զորքերից ազատագրել է օրեր առաջ:
Ըստ CNN լրատվականի, ուրբաթ օրը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է «դաժանության և ահաբեկչության» մեջ, քանի որ գերեզմանում հայտնաբերված բազում դիերի վրա նկատվել են «տանջանքի նշաններ»:
Հազարավոր ռուս զինվորականներ, անցած շաբաթվա վերջին ստիպված էին լքել Իզիում քաղաքը՝ իրենց հետևից թողնելով մեծ քանակությամբ զինամթերք և տեխնիկա։
Անհետ կորածների դեպքերի հետաքննության համար պատասխանատու ուկրաինացի պաշտոնյա Օլեհ Կոտենկոն ասում է, թե կարծում է, որ միայն մեկ գերեզմանում կարող է թաղված լինել 20-25 մարդ:
Չորեքշաբթի օրը, սեպտեմբերի 14-ին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին այցելել էր Իզիում: Նա գերեզմանի հայտնաբերումը կապել է ռազմական հանցագործությունների հետ, որոնք ըստ նրա, ռուսական ուժերը պատերազմի վաղ փուլերում իրականացրել են Բուչայում խաղաղ բնակիչների դեմ:
Ռուսաստանը հերքել է, որ թիրախավորել է խաղաղ բնակիչներին կամ ռազմական հանցագործություններ է կատարել:
Հոդվածը պատրաաստվել է Reuters և CNN լրատվականների նյութի հիման վրա: