Մատչելի հղումներ

Ըստ POLITICO-ի՝ շուտով Հայաստան կժամանի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին


ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այս շաբաթվա վերջին կայցելի Հայաստան՝ ի նշան իր աջակցության Հայաստանին Ադրբեջանի դեմ հակամարտությունում: Դրա մասին հայտնում է POLITICO պարբերականը՝ հենվելով քաջատեղյակ երկու աղբյուրների վրա:

Հրապարակման մեջ POLITICO-ն տեղեկացնում է, որ խոսնակ Փելոսիին իր այցի ընթացքում կուղեկցի Կալիֆոռնիայից հայկական արմատներ ունեցող, դեմոկրատ կոնգրեսական Ջեքի Սփիեռը: Ըստ պարբերականի՝ սպասվում է, որ Երևանում Ներկայացուցիչների պալատի խոսնակը կհանդիպի ՀՀ վարչապետ Փաշինյանի, ինչպես նաև այլ պաշտոնյաների հետ: Հայաստան այցին կնախորդի Բեռլինում G-7 երկրների խոսնակների գագաթնաժողովը:

POLITICO-ն հիշեցնում է, որ Հայաստան կատարվելիք այցին նախորդել էր խոսնակի վերջին դրամատիկ արտասահմանյան ուղևորությունը դեպի Թայվան, որը զայրույթ էր առաջացրել Պեկինում: Ըստ պարբերականի՝ միջանկյալ ընտրությունների մոտենալուն զուգընթաց, ուր չի բացառվում, որ Փելոսին կորցնի իր տեղը, եթե դրանք ավարտվեն հանրապետականների հաղթանակով, Վաշինգտոնում շրջանառվում է կարծիք, որ «Նենսի Փելոսին ցանկանում է ամրացնել իր ժառանգությունը որպես մարդու իրավունքների պաշտպան, ոչ միայն Միացյալ Նահանգներում, այլև ամբողջ աշխարհում»:

Պարբերականը տեղեկացնում է, որ խոսնակի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դրյու Համիլը ոչ հաստատել և ոչ էլ հերքել է այցի մասին տեղեկությունը՝ ընդգծելով, որ Ներկայացուցչների պալատի խոսնակի ուղևորությունների մասին տեղեկատվությունը սովորաբար նախօրոք չի տրամադրվում՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Կոնգրեսական Սփիեռի գրասենյակը ևս չի մեկնաբանել այցի մասին տեղեկատվությունը, նշում է POLITICO-ն:

XS
SM
MD
LG