Մատչելի հղումներ

Լիզ Թրասը ընտրվել է Մեծ Բրիտանիայի հաջորդ վարչապետ


Լիզ Թրասը երկուշաբթի օրը, սեպտեմբերի 5-ին ընտրվել է Մեծ Բրիտանիայի հաջորդ վարչապետ: Նա հաղթել է իշխող Պահպանողական կուսակցության ընտրապայքարում այն ժամանակ, երբ երկիրը կանգնած է կենսական ճգնաժամի և արդյունաբերական անկարգությունների հետ կապված խնդիրների առջև:

Շաբաթներ շարունակ հաճախ վատ տրամադրված և պառակտող առաջնորդների մրցավեճից հետո, Թրասը հաղթել է Պահպանողական կուսակցության անդամների քվեարկությամբ: Նա ստացել է 81,326 կողմ և 60,399-ի դեմ ձայն:

«Առաջիկա երկու տարիների ընթացքում, մենք պետք է ցույց տանք իրական արդյունք: Ես կներկայացնեմ համարձակ ծրագիր՝ կրճատելու հարկերը և զարգացնելու մեր տնտեսությունը», - ասել է Թրասը արդյունքների հրապարակումից անիմաջապես հետո:

«Ես կզբաղվեմ էներգետիկ ճգնաժամի հարցերով՝ փորձելով լուծել էներգիայի վճարների մարդկանց խնդիրը: Աշխատանքներ կտարվեն նաև էներգակիրների մատակարարման հետ կապված հարցերով», - հավելել է նա:

Նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը ստիպված էր հայտարարել իր հրաժարականի մասին հուլիս ամսին: Ամիսներ շարունակ տևած սկանդալներից հետո՝ նա սպառել էր իր վարչակազմի աջակցությունը, ովքեր սկսել էին պահանջել իր հրաժարականը:

Երեքշաբթի օրը Բորիս Ջոնսոնը կմեկնի Շոտլանդիա՝ հանդիպելու Եղիսաբեթ թագուհու հետ: Այնտեղ նա թագուհուն պաշտոնապես կներկայացնի իր հրաժարականը։

Նրա հետ Շոտլանդիա է մեկնելու նաև Թրասը, ով պաշտոնապես կստանձնի վարչապետի պաշտոնը, երբ միապետը նրան կխնդրի կառավարություն ձևավորել:

Հոդվածը պատրաստվել է «Reuters» լրատվականի նյութի հիման վրա:

XS
SM
MD
LG