Մատչելի հղումներ

Ռուս անջատողական ուժերի կեսը զոհվել կամ վիրավորվել է. Մեծ Բրիտանիա


Ուկրաինայի Դոնեցկի մարզում ռուսական ուժերը և Ռուսաստանի աջակցությունը վայելող անջատողական խմբերը մեծ կորուստներ են կրել: Այս մասին հայտնում են Մեծ Բրիտանիայի հետախուզության պաշտոնյաները:

Ըստ նրանց հաշվարկների, միայն Դոնեցկի աշխարհազորը կորցրել է իր սկզբնական ուժերի 55%-ը:

Ռուսական ուժերը կենտրոնացած են ամբողջ հարևան Լուհանսկը գրավելու վրա՝ նպատակ ունենալով շրջապատել Լիսիչանսկ քաղաքը, ասում են ուկրաինացի առաջնորդները:

Տարածաշրջանի ղեկավար Սերխի Հայդայը հայտարարել է, որ քաղաքում «վիթխարի ավերածություններ» են եղել:

Նրա խոսքերով հարեւան՝ Սևերոդոնեցկում իրավիճակը «դժոխային» է, որտեղ մնացել է մոտ 7000-8000 խաղաղ բնակիչ:

Մեծ Բրիտանիայի ռազմական հետախուզությունը հայտարարել է, որ Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, մտադիր է մեծ թվով պահեստային ստորաբաժանումներ տեղակայել Ուկրաինայի արևելյան Դոնբասում:

Այն ուշադրություն է հրավիրել Դոնբասում ռուսական ուժերի կրած «արտասովոր մաշվածության» վրա։ Մինչ Ռուսաստանը ամիսներ շարունակ խուսափում էր մանրամասնել իր զոհերի մասին, այսպես կոչված Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանն անցյալ շաբաթ հայտարարեց, որ իր ուժերից 2128-ը սպանվել են, 8897-ը՝ վիրավորվել: Եվս 654 խաղաղ բնակիչ է զոհվել, ասել է Դարիա Մորոզովան։

Ըստ տեղի իշխանություններից ստացված հաղորդագրության, չորեքշաբթի օրը ռուսական ուժերը յոթ հրթիռ են արձակել հարավային Միկոլաև քաղաքի ուղղությամբ: Զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ առայժմ չկան:

Չորեքշաբթի օրը Reuters-ից ստացված տեղեկությունների համաձայն ուկրաինական զորքերը նահանջում են Լուհանսկի շրջանի Սևերոդոնեցկի արվարձաններից՝ օգտագործելով թիթեռային ականներ՝ խոչընդոտելու ռուսական ուժերի և ռուսամետ զինյալների տեղաշարժը:

Ներկա պահին Սեւերոդոնեցկի 80 տոկոսը վերահսկվում է Չեչնիայի հատուկ նշանակության ուժերի և Լուհանսկի աշխարհազորայինների կողմից, որոնք սեղմում են Ազոտի քիմիական գործարանի առանցքային հենակետի շրջապատումը։ Գործարանում արգելափակված է մոտ 300 խաղաղ բնակիչ։ Ուկրաինան Ռուսաստանին կոչ է արել բացել հումանիտար միջանցք և տարհանել ծուղակում գտնվող մարդկանց:

Անտառային լայնածավալ հրդեհը, որը հավանաբար առաջացել է հրետանու փոխհրաձգության հետևանքով, ավելի անկայուն է դարձնում իրավիճակը:

Ռուսամետ զորքերը հայտարարել են, որ փորձում են խուսափել անօդաչու թռչող սարքերի տեսադաշտից:

XS
SM
MD
LG