Համաշխարհային առաջնորդները հարգանքի տուրք են մատուցում ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովի հիշատակին, որին ոմանք անվանում էին մեծ և խիզախ առաջնորդ:
Մեծ Բրիտանիայի հեռացող վարչապետ Բորիս Ջոնսոնն ասել է, որ «Պուտինի ագրեսիայի պայմաններում [Գորբաչովի] անխոնջ նվիրվածությունը խորհրդային հասարակության բաց լինելու օրինակ է մնում բոլորիս համար»։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Գորբաչովին անվանել է «աշխարհի մարդ, ում ընտրությունը ռուսների համար ճանապարհ բացեց դեպի ազատություն: Եվրոպայում խաղաղությանն ուղղված նրա հանձնառությունը փոխեց մեր ընդհանուր պատմությունը», - հավելել է նա:
Գերմանացի առաջնորդները բարձր են գնահատել Գորբաչովի ներդրումը իրենց երկրի միավորման գործում։
«Մենք չենք մոռանա, որ պերեստրոյկան հնարավորություն տվեց փորձել Ռուսաստանում ժողովրդավարություն հաստատել, և որ ժողովրդավարությունն ու ազատությունը հնարավոր դարձան Եվրոպայում, որ Գերմանիան կարողացավ միավորվել, և երկաթե վարագույրը վերացավ», - լրագրողներին ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:
Միևնույն ժամանակ, Շոլցը մատնանշել է, որ Գորբաչովը մահացել է այն ժամանակ, երբ նրա բազմաթիվ ձեռքբերումներ ոչնչացվել են։
«Նա մահացավ այն ժամանակ, երբ Ռուսաստանում փլուզվեց ժողովրդավարությունը, երբ Ռուսաստանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոր խրամատներ սկսեցին փորել Եվրոպայում և սարսափելի պատերազմ սկսեցին հարևան երկրի` Ուկրաինայի դեմ»,- ասել է նա։
Նմանատիպ դիրքորոշում է հայտնել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։
«Ես խոնարհվում եմ մեծ պետական գործչի առաջ»,- ասել է Շտայնմայերը։ «Գերմանիան խոնարհվում է նրա առջև՝ ի երախտագիտություն Գերմանիայի միասնության գործում նրա վճռական ներդրման, Արևելքի և Արևմուտքի միջև ժողովրդավարական բացախոսության և կամուրջների կառուցման գործում նրա քաջության համար, ինչպես նաև ի հիշատակ իր մեծ տեսլականի՝ ընդհանուր և խաղաղ տուն՝ Եվրոպա ստեղծելու համար»:
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան նշել է Գորբաչովի կարևոր դերը Խորհրդային Միության և Միացյալ Նահանգների կողմից միջուկային զենքի կրճատման գործում՝ ասելով, որ նա «զգալի ձեռքբերումներ» է գրանցել։
«Պարոն Գորբաչովը, ով ուներ զգալի ռազմավարական տեսլական և վճռականություն, շատ կարևոր դեր խաղաց»,- ասել է նա։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Ամերիկայի ձայն»-ը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ցավակցությունն է հայտնել Միխայիլ Գորբաչովի մահվան կապակցությամբ։
«Երբ նա եկավ իշխանության, Սառը պատերազմը շարունակվում էր արդեն գրեթե 40 տարի, իսկ կոմունիզմը՝ ավելի երկար՝ կործանարար հետեւանքներով։ Խորհրդային մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ քաջություն ունեցան խոստովանելու, որ ինչ-որ բան պետք է փոխվի: Որպես Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ՝ ես տեսել եմ, որ նա անում էր այս և ավելին: Որպես ԽՍՀՄ առաջնորդ՝ նա աշխատել է նախագահ Ռեյգանի հետ՝ կրճատելու մեր երկու երկրների միջուկային զինանոցները՝ ի սփոփանք աշխարհի այն մարդկանց, ովքեր աղոթում են միջուկային սպառազինությունների մրցավազքի դադարեցման համար: Տասնամյակների դաժան քաղաքական բռնաճնշումներից հետո նա ընդունեց ժողովրդավարական բարեփոխումներ: Նա հավատում էր բացությանը և պերեստրոյկային, ոչ միայն որպես լոզունգներ, այլ որպես առաջընթաց ուղի Խորհրդային Միության ժողովրդի համար այսքան տարիների մեկուսացումից և զրկանքներից հետո», - ասված է Բայդենի հայտարարության մեջ:
«Դա հազվագյուտ առաջնորդի արարք էր, ով ուներ երևակայություն՝ տեսնելու, որ հնարավոր է այլ ապագա և քաջություն՝ վտանգելու իր ողջ կարիերան դրան հասնելու համար: Արդյունքն ավելի ապահով աշխարհն է և ավելի շատ ազատություն միլիոնավոր մարդկանց համար»,- ասվում է հայտարարության մեջ: «Նույնիսկ պաշտոնը թողնելուց տարիներ անց նա դեռ լրջորեն զբաղված էր։ Երբ պարոն Գորբաչովը այցելեց Սպիտակ տուն 2009 թվականին, մենք երկար խոսեցինք ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջուկային զինանոցների կրճատման ուղղությամբ մեր երկրների շարունակական աշխատանքի մասին: Հեշտ էր հասկանալ, թե ինչու են այդքան շատ մարդիկ ամբողջ աշխարհում նրան մեծապես հարգում»:
Բայդենն իր խորին ցավակցությունն է հայտնել Միխայիլ Գորբաչովի ընտանիքին և ընկերներին, ինչպես նաև բոլոր այն մարդկանց, որոնց օգնել է ավելի լավ աշխարհի հանդեպ նրա հավատը։