Մատչելի հղումներ

Բայդենը ներկայացնում է հրազենային հանցագործությունների դեմ պայքարի ծրագիր


Երեքշաբթի օրը նախագահ Ջո Բայդենը այցելել է Փենսիլվանիա՝ խոսելու հրազենային բռնությունները նվազեցնելու վարչակազմի ծրագրի մասին:

Հիշեցնենք, որ այս հարցը ամերիկացիների համար գլխավոր խնդիրներից մեկն է Կոնգրեսի առաջիկա ընտրությունների նախաշեմին։

Բայդենի նախագիծը ներառում է 37 միլիարդ դոլարի ծրագրեր՝ հանցագործության կանխարգելման և ոստիկանության լրացուցիչ ֆինանսավորման համար:

Բայդենը նաև առաջարկում է 13 միլիարդ դոլար գումար՝ առաջիկա հինգ տարիների ընթացքում 100,000 նոր ոստիկաններ վարձելու և վերապատրաստելու համար:

Նոյեմբերին կայանալիք ընտրություններից առաջ, հանրապետական շատ թեկնածուներ փորձում են դեմոկրատներին ներկայացնել որպես քաղաքական գործիչների, ովքեր չեն ցանկանում պայքարել հանցավորության մակարդակի աճի դեմ՝ մասնավորապես պնդելով, թե դեմոկրատները կողմ են ոստիկանության ֆինանսավորումը դադարեցնելուն:

Հիշեցնենք, որ 2020 թվականին ռասայական անարդարության դեմ բողոքի ցույցերի արդյունքում առաջացել էր մի ամբողջ շարժում, որը իրոք կոչ էր անում դադարեցնել ոստիկանության ֆինանսավորումը: Սակայն, դեմոկրատների մի զգալի մասը, այդ թվում՝ Բայդենը, երբեք չեն աջակցել նման նախաձեռնություններին։

Վերջերս բազում դեմոկրատներ մտավախություն են արտահայտել, որ Բայդենի ցածր վարկանիշը բացասաբար կանդրադառնա միջանկյալ ընտրություններից առաջ նրանց քարոզարշավի վրա:

Ինչպես 2020 թվականին, երբ Բայդենը ընտրվեց նախագահ, հիմա Փենսիլվանիան նույնպես կլինի առանցքային նահանգ, որտեղ մրցակցությունը հատկապես կատաղի կլինի նոյեմբերին Կոնգրեսում տեղերի և 2024 թվականին հաջորդ նախագահական ընտրություններում Օվալաձև գրասենյակի համար:

Հոդվածը պատրաստվել է «Reuters» լրատվականի նյութի հիման վրա:

XS
SM
MD
LG