Մատչելի հղումներ

Լատվիան և Էստոնիան դուրս են եկել Չինաստանի հետ համագործակցության շրջանակային ծրագրից


Պեկինը ստեղծել է այս ֆորումը եվրոպական երկրների հետ հարաբերություններն ամրապնդելու և իր ենթակառուցվածքային նախագծերը խթանելու համար:

Լատվիան և Էստոնիան հայտարարել են, որ դուրս են եկել Չինաստանի աջակցությամբ անցկացվող նախաձեռնությունից, որի նպատակն է ամրապնդել հարաբերություններն Արևելյան Եվրոպայի երկրների հետ, ինչը, հավանաբար, Չինաստանի դիվանագիտության ձախողումն է:

Այս քայլին նախորդել է Ռուսաստանի հետ Չինաստանի հարաբերությունների ամրապնդումը Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելու պայմաններում: Չինաստանը չի քննադատել Ռուսաստանի գործողությունները և դատապարտել Արևմուտքի տնտեսական պատժամիջոցները Մոսկվայի դեմ։

«Հաշվի առնելով արտաքին և առևտրային քաղաքականության ներկայիս առաջնահերթությունները՝ Լատվիան որոշել է դադարեցնել իր մասնակցությունը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների և Չինաստանի համագործակցության շրջանակային ծրագրում», - ասվում է Լատվիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Նմանատիպ հայտարարություն է տարածել Էստոնիան՝ նշելով, որ համագործակցության այս ձեւաչափին Թալինը մասնակցել է 2012 թվականից։

«Փետրվարյան գագաթնաժողովից ի վեր Էստոնիան չի մասնակցել նման ձևաչափի ոչ մի հանդիպման»,- ասվում է հայտարարության մեջ։

Չինաստանը ստեղծել է այս համաժողովը ԵՄ անդամների, ինչպես նաև Սերբիայի և այլ երկրների հետ հարաբերություններն ամրապնդելու համար, մասնավորապես՝ խթանելու նախագահ Սի Ցզինպինի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը՝ Եվրասիայում կամուրջներ, երկաթուղիներ, էլեկտրակայաններ և այլ ենթակառուցվածքներ կառուցելու համար:

Հոդվածը պատրաստվել է Associated Press գործակալության նյութի հիման վրա

XS
SM
MD
LG