Ամերիկացի փորձագետները քննարկում են ԵՄ ու Բաքվի միջև էներգետիկ համագործակցության խորացումն ու հուշագրի ստորագրումը
Ադրբեջանը չափազանց կարևոր դեր է խաղում ռուսական էներգակիրներից Եվրոպայի կախվածությունը նվազեցնելու հարցում, «Ամերիկայի ձայն»-ի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում ասում է Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռոբերտ Ցեկուտան՝ անդրադառնալով ԵՄ և Արբեջանի միջև ստորագրված հուշագրին: Դեսպան Ցեկուտան շեշտում է՝ հուշագրի ստորագրումը կապված է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման, ինչպես նաև Կրեմլի կողմից էներգակիրներից ստացված եկամուտն իր ագրեսիվ պատերազմի ֆինասավորման հետ:
«Յուրաքանչյուր լրացուցիչ էներգակիր, որը կարող է տեղափոխվել Եվրոպա, կարևոր է: Ադրբեջանից Եվրոպա լրացուցիչ բնական գազի տեղափոխման հնարավորությունը կարևոր է եվրոպական էներգետիկ անվտանգության և Եվրոպայում կանաչ էներգիայի զարգացման տեսանկյունից»,- ասում է նա:
Հիշեցնենք, որ հուլիս ամսին Բաքվում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որը նախատեսում է մինչև 2027 թվականը ադրբեջանական բնական գազի ներմուծման ծավալը հասցնել տարեկան 20 միլիարդ խորանարդ մետրի, որը կարող է կրկնապատկել Ադրբեջանից Եվրոպա գազի ներկրումը։
Նախկին դեսպանի կարծիքով հուշագիրն արտացոլում է ԵՄ-ի էներգետիկ քաղաքականության ուղեգծի փոփոխություն, քանի որ նախկինում խոսքը գնում էր բնապահպանության խնդիրների պատճառով էներգակիրների կրճատման, այլ ոչ թե ներմուծման աղբյուրների փոփոխության մասին: Ադրբեջանն այսպիսով էլ ավելի է ամրապնդում իր դիրքերը ԵՄ-ի էներգետիկ անվտանգության ոլորտում: Ըստ նրա՝ Բաքուն էլ շահագրգրված է հուշագրում՝ հավելյալ եկամուտ ստանալու ու սեփական զարգացումը ապահովելու տեսանկյունից: Այստեղ, սակայն, առկա են նաև մարտահրավերներ կապված Ադրբեջանի գազի մատակարարումների կարողության հետ: Ցեկուտան ընդգծում է, որ դրա համար անհրաժեշտ է ժամանակ:
«Հուշագիրը պարունակում է դրույթներ, որոնք վերաբերում են Հարավային գազային միջանցքի ընդլայնման ֆինանսավորմանը, և Ադրբեջանի ու ԵՄ ղեկավարությունն այս ուղղությամբ ծրագրում են համատեղ աշխատանք ծավալել։ Դա կարևոր կետ է»,- ասում է նախկին դեսպանը:
Այլ մարտահրավերների թվում նա առանձնացնում է նաև աշխարհաքաղաքական և տարածաշրջանային գործոնները, որոնք ըստ նախկին դեսպանի նորություններ չեն: Մոսկվան նախկինում դրական չի արձագանքել Ադրբեջանի էներգակիրների տարանցման ընդլայնմանը, սակայն որոշ ժամանակ անց ընդունել է այն որպես փաստ և անգամ օգտագործել սեփական էներգակիրների տարանցման համար, պնդում է Ցեկոտան:
Յեյլ համալսարանի պրոֆեսոր Սթիվեն Թիանգը, անդրադառնալով ադրբեջանական գազի ներմուծմանը Եվրոպա, ևս շեշտում է ադրբեջանական գազի տեղափոխման հետ կապված դժվարությունները, մասնավորապես համապատասխան ենթակառուցվածքների բացակայությունը:
«Այստեղ առկա են որոշակի ենթակառուցվածքային մարտահրավերներ, որոնք կապված են քաղաքական և սոցիալական պատճառների և զարգացած ենթակառուցվածքների բացակայության հետ՝ այդ գազի մի մասը շուկա հասցնելու համար, թեև Ադրբեջանը ունի զգալի թվով պաշարներ»,- ասում է նա:
Ենթակառուցվածքային խնդիրներն, ըստ Թիանի, սակայն, չափազանց տարածված են էներգակիրներ արտադրող ու մատակարարող երկրներում, ներառյալ զարգացած երկրներում: Սա բազմաշերտ խնդիր է, և ամեն մի երկիր ունի իր առանձնահատկությունը, նշում է նա:
«Իսրայելի ափամերձ շրջաններում կան հսկայական գազի հանքեր, որոնք շատ չեն օգտագործվում ենթակառուցվածքների բացակայության պատճառով: Նույնիսկ Միացյալ Նահանգներում արտահանվող գազի մեծ մասը գալիս է Թեքսասից, քանի որ այստեղ են խողովակաշարերը: Դրանք չեն գալիս ոչ Ապալաչիայից, ոչ Արևելյան ափի Մարսելլուս Շեյլից, որովհետև գազը դեպի Արևելյան ափ տեղափոխող խողովակաշարերը բացակայում են»,- ասում է նա:
Յեյլի համալսարանի պրոֆեսորի պնդմամբ այսօր Եվրոպայում գիտակցում են այս դժվարությունները, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵՄ ևս ունի ենթակառուցվածքային խնդիրներ, մասնավորապես բավարար թվով հեղուկ գազի վերամշակման տերմինալների բացակայություն ամերիկյան և քաթարական հեղուկ գազի ներմուծման աճի պայմաններում:
«Եվրոպան գիտակցում է, որ չի կարող հույս դնել մեկ էներգակիր արտադրողի վրա: Նրանք ձգտում են դիվերսիֆիկացնել մատակարարումները: Դրանց մի մասը շուկա հասցնելու համար առկա են տարբեր դժվարություններ՝ կախված նրանից, թե որ երկրի մասին է խոսքը, և Եվրոպան հասկանում է դա»,- ասում է Թիանը:
Իր հերթին Բաքվում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ցեկուտան վստահ է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների և օրենքի գերակայության հետ կապված հարցերը շարունակում են մտահոգել արևմտյան տերություններին՝ չնայած Բրյուսելի ու Բաքվի միջև էներգետիկ համագործակցության խորացմանը: Այս կարգի հարցերը քննարկվում են, սակայն դա չի նշանակում, որ այդ քննարկումներն անպայման հրապարակային են, պնդում է նախկին դեսպանը: Էներգետիկ համագործակցության առումով նա կարևորում է օրենքի գերակայության ոլորտը, որն անմիջապես կապված է կնքվող պայմանագրերի, աշխատողների իրավունքների ու այլ իրավական հարցերի հետ: Դրանք, ըստ նրա, բարձրացվում են արևմտյան և ամերիկյան էներգետիկ ընկերությունների կողմից: Եթե այս հարցերի շուրջ քննարկումների մասին տեղեկությունը չի հայտնվում մամուլի առաջին էջերում, չի նշանակում, որ դրա մասին որևէ քննարկում չի ընթանում, պնդում է ամերիկացի դիվանագետը: