Մատչելի հղումներ

Բեյրութի պայթյունից երկու տարի անց չեն բացահայտվել պատասխանատուներն ու մեղավորները 


Լիբանանում քննարկվում է 2020 թվականին նավահանգստում տեղի ունեցած ուժեղ պայթյունի հետևանքով մեծապես վնասված հացահատիկի ամբարների հարցը: Երկու տարի անց զոհերն ու հարազատները պայքարում են ավերված այդ ամբարների պահպանման համար՝ որպես պատասխանատվության անհրաժեշտության հիշեցում

2020 թվականի օգոստոսին Բեյրութի նավահանգստի պայթյունից հետո պայթյունի կողքին գտնվող ցորենի ամբարները մնացել են անվնաս, չնայած դրանց շուրջը ամեն ինչ ավերվել է։

Դրանք զգալի չափով վնասված են՝ հանդիսանալով ողբերգության հզոր խորհրդանիշ: Այսօր, պայթյունի շուրջ հետաքննությունն առաջ չի շարժվում, իսկ որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: Չկան կալանավորվածներ այս գործի շրջանակում:

Հայազգի Ջորջ Բեզիջյանի դուստր Ջեսիկան բուժքույր էր, որն իր գիշերային հերթափոխն էր անցկացնում նավահանգստի մոտ գտնվող հիվանդանոցում: Նա, ինչպես նաև 218 այլ մարդիկ, զոհվեցին պայթյունի հետևանքով:

«Երբ տեսնում եմ այս ամբարները, հիշում եմ այդ օրը։ Ես հիշում եմ այն օրը, երբ կորցրի նրան: Նրանք լռում են։ Գիտեք, դրանք քարե կառույցներ են, սակայն ես զգում եմ, որ դրանք խոսում են ու ինձ ասում՝ այստեղ հանցագործություն է կատարվել»,- ասում է Բեզիջյանը։

Բեյրութի պայթյունի զոհերի հարազատները քննադատում են կառավարության որոշումը
please wait

No media source currently available

0:00 0:02:10 0:00

Ամբարների ամենաշատը վնասված հատվածը փլուզման սպառնալիքի տակ է, ուստի Լիբանանի կառավարությունը որոշել է քանդել դրանք: Տուժածների իրավահաջորդներն ու ակտիվիստները պայքարում են այդ որոշման դեմ՝ ասելով, որ դա հերթական փորձն է կոծկելու հանցագործությունը, որի համար ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել:

«Շատ կարևոր է պահպանել դրանք, քանի որ այն արտահայտում է լիբանանցիների հավաքական հիշողությունը: Այս ամբարների քանդումը տոտալ ամնեզիայի դրսևորում կլինի»,- ասում է Ինժեներների և ճարտարապետների միության ներկայացուցիչ Դիվինա Աբու Ջաուդեն:

Պայթյունի երկրորդ տարելիցից երկու շաբաթ առաջ ավերակներում մնացած հացահատիկը բռնկվեց: Հրդեհն արագացրել է ամբարների փլուզումը: Մեծ հատվածը փլուզվել է, երբ մարդիկ հավաքվել էին նավահանգստում՝ նշելու պայթյունի երկրորդ տարելիցը:

Կառավարությունն ասում է, որ կառույցն անվտանգ չէ և պետք է ապամոնտաժվի։ Սակայն մի երկրում, որը հաճախ նախընտրում է մոռացության տալ կոլեկտիվ տրավման, այլ ոչ թե դիմակայել այն, շատերը թերահավատորեն են վերաբերվում այս փաստարկին:

«Մենք պետք է պահպանենք ամբարները, որքան կարող ենք: Դրանք պետք է դառնան հուշահամալիր։ Կառավարությունը դա չի ուզում։ Ուզում է ջնջել այնտեղ տեղի ունեցածը. ջնջել այն նաև մեր մտքից»,- ասում է Բեզիջյանը։

Ջորջ Բեզջյանը և մյուսները, ովքեր կորցրել են իրենց հարազատներին պայթյունի հետևանքով, պետք է միայնակ հաղթահարեն իրենց վիշտը, իսկ ամբարները դեռևս շարունակում են կանգուն մնալ որպես աղետի չարագուշակ հիշեցում:

Հոդվածը պատրաստվել է «Ամերիկայի ձայն»-ի թղթակից Յակոբ Ռասելի նյութի հիման վրա

XS
SM
MD
LG