Մատչելի հղումներ

Լիբանանը՝ մայիսյան խորհրդարանական ընտրություններից առաջ 


Չնայած Լիբանանի շարունակական քաղաքական և տնտեսական ճգնաժամի, երկրի քաղաքական վերնախավը շարունակում է պահպանել իշխանությունը՝ դիմակայելով զանգվածային բողոքի ցույցերին, տնտեսական ճգնաժամին և Բեյրութի նավահանգստի պայթյունին

Այս տարվա մայիսին նախատեսված ընտրություններում կմասնակցեն նաև քաղաքացիական հասարակության անդամներ, որոնք դիտարկվում են որպես ժողովրդավարության վերջնական հույս:

Լիբանանում մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները կլինեն առաջինը 2019 թվականի հուզումներից և դրանց հաջորդած տնտեսական ճգնաժամից հետո։

«Մենք խորը ֆինանսական և տնտեսական ճգնաժամի մեջ ենք առանց որևէ հնարավորության։ Մենք չենք տեսնում ելք այս իրավիճակից, իսկ քաղաքական կարգը խորը ճգնաժամի մեջ է։ Այս իրավիճակը ընդդիմության համար փաստացի դիսկուրս կառուցելու և խորհրդարան մտնելու լավ հնարավորություն է»,- ասում է Բեյրութի Triangle խորհրդատվական ընկերության տնօրեն Նիզար Ղանեմը։

Այս տարի երկրի քաղաքական դաշտում առաջ է եկել նոր ընդդիմություն՝ ձևավորված քաղաքացիական հասարակության կուսակցությունների կողմից 2019 թվականից հետո: Նրանք հույս ունեն բարձրացնել հանրային դժգոհությունը կոռուպցիայի և արատավոր համակարգի դեմ, որը ծնկի է բերել Լիբանանը:

Այդ կուսակցություններից մեկը Minteshreen-ն է, որի գործադիր խորհրդի անդամ Սամեր Մուկադեմը ընդգծում է, որ այսօրվա հասարակական ճգնաժամի պայմաններում խնդիրների կարգավորման միակ ճանապարհը ընտրություններն են և ընդդիմադիրր ուժերի ընդգրկումը խորհրդարանում, որի միջոցով հնարավոր է ազդել երկրի կառավարման վրա։

Minteshreen-ի նման խմբերը հույս ունեն փոխել համակարգը, որը գործում է ավելի քան երեք տասնամյակ: Դա դյուրին չէ, ասում են վերլուծաբանները։

Ըստ Նիզար Ղանեմի՝ Լիբանանում գործող կառավարման համակարգը, որը կառավարում է երկիրը 1990 թվականից ի վեր, ամբողջությամբ ավերել է լիբանանյան ժողովրդավարության հիմքերը, ներառյալ դատական համակարգն ու ազատ տնտեսական հարաբերությունները:

Իր հերթին, քաղաքական վերնախավը փորձում է շեղել ուշադրությունը և նվազեցնել ներկայիս ճգնաժամի շուրջ քննադատությունը՝ խնդիրների մեջ մեղադրելով միմյանց և մի շարք արտաքին գործոններ:

Մայիսյան ընտրություններում հաջողության հասնելու համար ցանկացած նոր ընդդիմություն պետք է հաղթահարի հիմնական խոչընդոտը՝ հուսահատության զգացումը: Հուսահատության և թերահավատության այդ զգացումը հատկապես տարածված է երիտասարդների շրջանում:

«Բոլորը, ում ես ճանաչում եմ, հիմնականում արտերկրում են, և նրանք բոլորն էլ կորցրել են հույսը: Նրանցից շատերը չեն էլ ուզում քվեարկել, և դա այն է, ինչ ինձ շատ մտահոգում է: Շատերի մոտ ի սպառ բացակայում է որևէ հավատ»,- ասում է Բեյրութ բնակիչ Լինը:

Այսօր երկրի բնակչության ավելի քան երեք քառորդն ապրում է աղքատության մեջ: Գործող իշխանությունները փորձում են օգտագործել այդ հանգամանքը՝ ընտրություններից առաջ տնտեսական խթաններ առաջարկելելով իրենց ընտրատարածքներում: Դա կարևոր մարտահրավեր է երիտասարդ ընդդիմադիրների համար, ովքեր պետք է կարող լինեն ընտրողներին ներկայացնել իրավիճակի ավելի լայն պատկեր:

Ոչ ոք իրականում չունի պատրանք, որ ընտրությունները կլուծեն Լիբանանի բոլոր խնդիրները: Ոմանք, սակայն, կարծում են, որ այս ընտրությունները կդառնան շատ երկար ճանապարհի վրա առաջին քայլը:

Facebook Forum

XS
SM
MD
LG