ՄԱԿ-ը դատապարտել է Ռուսաստանի հարձակումը Օդեսայի վրա, սակայն Մոսկվան հայտարարել է, որ հացահատիկի մասին համաձայնագիրը չի արգելում նման հարձակումները
ՄԱԿ-ը հայտարարել է, որ Ուկրաինայից հացահատիկի արտահանումը կվերսկսվի առաջիկա օրերին՝ միաժամանակ դատապարտելով ռուսական հարվածը Օդեսա նավահանգստային քաղաքի վրա պարենի մատակարարումը վերսկսելու պայմանավորվածությունից ժամեր անց:
Հացահատիկի արտահանումը կիրականացվի Օդեսայից և Սև ծովի երկու այլ նավահանգիստներից՝ Չեռնոմորսկից և Յուժնիից, հայտնել է ՄԱԿ-ի խոսնակ Ֆարհան Հակը։
«Մենք պետք է համոզվենք, որ ստեղծվեն բոլոր պայմանները նավերի անվտանգ տեղաշարժի համար»,- հավելել է նա։
«Ամեն ինչ, որ չի համապատասխանում դրան, անշուշտ, չի նպաստում այս նախաձեռնության հաջողությանը», - ասել է Հակը՝ դատապարտելով շաբաթ օրը Օդեսայի վրա ռուսական հրթիռային հարվածը:
Այնուամենայնիվ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Ստամբուլում ստորագրված հացահատիկի արտահանման համաձայնագիրը չի արգելում Մոսկվային շարունակել «հատուկ ռազմական գործողությունը»՝ ըստ Լավրովի, ուղղված ռազմական ենթակառուցվածքների և այլ ռազմական օբյեկտների ոչնչացմանը։
Ռուսաստանը հայտարարել է, որ Օդեսայում ռազմական օբյեկտների ուղղությամբ հարվածները չեն ազդելու հացահատիկի արտահանումը վերսկսելու համաձայնագրի իրականացման վրա:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ հարվածները չեն ազդել հացահատիկի արտահանման համար օգտագործվող ենթակառուցվածքների վրա:
Ռուսաստանն ի սկզբանե հերքում էր իր մասնակցությունը շաբաթ օրը տեղի ունեցած հարվածին, սակայն կիրակի օրը հայտարարեց, որ իր զորքերը դա իրականացրել են:
Ուկրաինացի պաշտոնյաները հայտարարել են, որ աշխատում են հացահատիկի արտահանման վերականգնման ուղղությամբ՝ համաձայն պայմանագրի, որը ստորագրվել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ուրբաթ օրը:
Այս մասին հայտնում է Kyiv Independent-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովին։
Համաձայնագիրը, որը կնքվել է ՄԱԿ-ի և Թուրքիայի միջնորդությամբ, նախատեսում է, որ ռուսական նավատորմը Սև ծովում կապահովի նավերի անվտանգ անցումն այն նավահանգիստներից, որոնք արգելափակված են Ռուսաստանի կողմից փետրվարի վերջին Ուկրաինա ներխուժումից հետո:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Թուրքիան ակնկալում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան կհետեիեն համաձայնագին։
Սպիտակ տունն իր հերթին հայտարարել է, որ հարձակումը կասկածի տակ է դնում համաձայնագրին հավատարիմ մնալու Ռուսաստանի մտադրությունը:
«Մենք ուշադիր հետևելու ենք, թե արդյոք Ռուսաստանը կատարում է իր պարտավորությունները այս համաձայնագրով, քանի որ այս հարձակումը լուրջ կասկածներ է առաջացնում Ռուսաստանի հանդեպ վստահելիության վերաբերյալ», - ասել է Ազգային անվտանգության խորհրդի խոսնակը:
Համաձայնագիրը կարեւոր քայլ է ճանաչվել համաշխարհային պարենային ճգնաժամի մեղմացման ուղղությամբ։ Գուտերեշն այն անվանել է «հույսի, հնարավորության և տառապանքից ազատվելու փարոս»: