Մատչելի հղումներ

Բայդենի շրջագայությունը Մերձավոր Արեւելքում, որպես Իրանի դեմ ճնշամիջոց


ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի օրը մեկնարկեց մերձավորարևելյան իր առաջին այցը, եւ Իսրայել ժամանելով, այս երկրին տվեց անվտանգության հարցում ամուր երաշխիքներ, ինչպես նաեւ համագործակցության խոստում` պաշտպանության բնագավառում: Նա շրջայց կատարեց հակահրթիռային պաշտպանության, այդ թվում` «Երկաթե գմբեթ» և «Երկաթե ճառագայթ» անվանումները կրող համակարգերում, որտեղ ԱՄՆ-ը կատարում է միլիարդավոր դոլարների ներդրումներ:

Վաշինգտոնը Իսրայելին խրախուսում է պաշտպանական իր կարողություններն ինտեգրել արաբ հարեւանների հետ: Մի բան, որը դիտվում է որպես մի ուղերձ` ուղղված Իրանին:

Ինչպես Բար-Իլանի համալսարանից Էյթան Գիլբոան է ասում, Իրանն ունի 2015 թվականի միջուկային համաձայնագրին վերադառնալու վերջին մեկ հնարավորություն: Հակառակ դեպքում, ասում է նա, Միացյալ Նահանգները կաջակցի, որպեսզի ստեղծվի տարածաշրջանային պաշտպանական համակարգ, որը նախագծված է հիմնականում հենց Իրանի դեմ:

Իսրայելի հեռուստատեսությանը տված հարցազրույցում Բայդենն ասել է նույնիսկ, որ որպես վերջին միջոց, կարող է ուժ կիրառել ընդդեմ Իրանի։

Այս ընթացքում Իսրայելը փորձում է խորացնել հարաբերություններն արաբական աշխարհի հետ: Վարչապետ Յաիր Լափիդի խոսքերով, իր երկիրը քննարկելու է ուժեղ կոալիցիայի նորացման անհրաժեշտությունը: ‘’Նման կոալիցիան կկանգնեցնի իրանական միջուկային ծրագիրը, ասել է նա:

Սակայն այս ընթացքում, երբ ԱՄՆ-ի նախագահը գտնվում է Իսրայելում, բախումները շարունակվում են Հորդանան գետի Արևմտյան ափում և Գազայի գոտում՝ պաղեստինյան տարածքներ, որոնք օկուպացված են Իսրայելի կողմից 1967 թվականից ի վեր:

Հիշեցնենք, որ Աբրահամի համաձայնագիր անվանումը ստացած փաստաթուղթը, որը ստորագրվել է Թրամփի նախագահության օրոք, նպատակ ունի բարելավեր դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի ու արաբական աշխարհի միջեւ:

Սակայն, ինչպես վերլուծաբաններից Զահա Հասանն է ‘’Ամերիկայի Ձայն’’-ին ասում, ‘’Պաղեստինյան հարցը հիմնականում դուրս է մնացել Աբրահամի համաձայնագրի քարտեզից: Եվ ուշադրությունն իսկապես կենտրոնացված է Իսրայելի և արաբ հարևանների միջև տարածաշրջանային տնտեսական կապերի զարգացման վրա՝ ի հաշիվ Պաղեստինի ինքնիշխանության’’:

Բայդենը, որն ուրբաթ օրը հանդիպում է ունենալու պաղեստինցիների նախագահի հետ, կրկնել է ‘’երկու պետություն’’ սկզբունքով այս խնդիրը լուծելու գործում իր աջակցությունը:

‘’Դա, իմ կարծիքով, մնում է ազատության, բարգավաճման և ժողովրդավարության ապագան իսրայելցիների և պաղեստինցիների համար հավասարաչափ եղանակով ապահովելու ամանալավ եղանակը’’, ասել է Բայդենը:

Իսրայելում իր այցի առաջին օրը Բայդենն ավարտեց Հրեական ողջակիզման զոհերի հուշահամալիր այցելությամբ` հարգանքի տուրք մատուցելով Երկրորդ աշխարհամարտի ժամանակ սպանված միլիոնավոր հրեաների հիշատակին և հանդիպում ունեցավ Հոլոքոստը վերապրած ամերիկացիների հետ:

''Ամերիկայի Ձայն''

XS
SM
MD
LG