Մատչելի հղումներ

Ուկրաինայի և Ռուսաստանի զինվորականները ծրագրում են բանակցություններ հացահատիկի արտահանման վերաբերյալ


Բանակցությունները կանցկացվեն Ստամբուլում՝ թուրք զինվորականների և ՄԱԿ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ

Չորեքշաբթի օրը Ռուսաստանի և Ուկրաինայի զինված ուժերի ներկայացուցիչները Ստամբուլում կանցկացնեն վերջին մի քանի ամսվա ընթացքում առաջին դեմառդեմ բանակցությունները երկու երկրների միջև՝ նվիրված Սև ծովով ուկրաինական արգելափակված հացահատիկի արտահանմանը համաշխարհային շուկաներ:

Նախատեսվում է, որ քննարկմանը կմասնակցեն նաև թուրք զինվորականներ և ՄԱԿ-ի ներկայացուցիչներ։

Անկարան առաջարկում է ապահովել անվտանգ միջանցքներ Սև ծովով և ջանքեր գործադրել ՄԱԿ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի հետ համաձայնության հասնելու համար։

Հանդիպումը նախատեսված է հուլիսի 13-ին Ստամբուլում, ուր Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները կբանակցեն խնդրի շուրջ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելու արդյունքում խափանվել է ուկրաինական հացահատիկի արտահանումը Սև ծովով, որը հանգեցրել է հացահատիկի, սննդամթերքի, վառելիքի և պարարտանյութերի համաշխարհային գների բարձրացմանը:

Մոսկվան իր հերթին մտահոգություն է հայտնում այն նավերի վերաբերյալ, որոնք օգտագործվում են Ուկրաինա զենք բերելու համար և կոչ է արել խուզարկել նավերը:

Ուկրաինան էլ հայտարարում է, որ համաձայնագիրը չի կարող որևէ կերպ սպառնալ Սև ծովի երկայնքով իր անվտանգությանը:

Հոդվածը պատրաստվել է The Associated Press գործակալության նյութի հիման վրա

XS
SM
MD
LG