Մատչելի հղումներ

Թուրքիան շարունակում է պահանջել արտահանձնել քրդերին, ռուսական նավը շարունակում է մնալ թուրքական նավահանգստում


Թուրքիան շարունակում է Շվեդիայից և Ֆինլանդիայից պահանջել մի շարք անձանց իրեն արտահանձնելու պահանջը: Շվեդիային ու Ֆինլանդիային նորից պահանջ ներկայացնելու մասին ասել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը:

Անկարան պնդում է, որ ներկայացված ցանկում գտնվող անձինք ահաբեկիչներ են: Ինչպես ‘’Ռոյթերս’’ գործակալությունն է հիշեցնում, Էրդողանն այս պահանջը նորից վեր հանեց այն բանից հետո, երբ Շվեդիան եւ Ֆինլանդիան ներկայացրեցին ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ: Թուրքիան խոստացավ վետո դնել անդամակցության հարցի վրա, եթե նրանք չկատարեն իր պահանջը:

Անցյալ շաբաթ երեք երկրները պայմանագիր ստորագրեցին, ըստ որի սկանդինավյան երկու երկրները խոստացան չաջակցել Քրդստանի աշխատավորական կուսակցությանը եւ Սիրիայի ժողովրդի պաշտպանության միավորումներին, ինչպես նաեւ ԱՄՆ-ում բնակվող հոգեւորական Ֆեթուլլահ Գյուլենի ցանցին:

Անցյալ շաբաթ ստորագրված փաստաթղթով Ֆինլանդիան և Շվեդիան պայմանավորվել են «արագ և մանրակրկիտ կերպով լուծել ահաբեկչության մեջ կասկածվող անձանց արտաքսման կամ արտահանձնման պահանջները, սակայն հայտարարել են, որ դա անելու են Արտահանձնումների մասին եվրոպական կոնվենցիայի համաձայն: Ըստ երեւույթին այդ պատճառով է Անկարան շարունակ շտապում:

Ինչ վերաբերում է Թուրքիայում ռուսական բեռնատար նավի կալանավորման եւ այս հարցով Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ լարվածություն առաջ գալու մասին լուրերին, ապա պետք է ասել, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, թե գողացված ուկրաինական հացահատիկ տեղափոխելու կասկածանքով նավի կալանավորման մասին լուրերը կեղծ են: Արտաքին գործերի նախարարության խոսնակ Ալեքսեյ Զայցևն ասել է, որ «Ժիբեկ Ժոլին», որը ուկրաինական իշխանությունների կարծիքով, հացահատիկ է տեղափոխում օկուպացված Բերդյանսկի նավահանգստից, «պարզապես սովորական ստուգումների է ենթարկվում Թուրքիայում»:

Թուրքիայում Ուկրաինայի դեսպանն էր կիրակի օրը հայտարարել, որ թուրքական իշխանությունները կալանավորել են «Ժիբեկ Ժոլին»: Reuters-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ուկրաինան էր խնդրել Թուրքիային կալանավորել նավը։

Ուկրաինան ավելի ուշ խնդրել է Թուրքիային հետքննություն անցկացնել ռուսական դրոշով երեք այլ նավերում, որոնք ըստ Կիևի, Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքից գողացված հացահատիկ են տեղափոխում:

Բոլոր երեք խոշոր նավերը՝ Միխայիլ Նենաշևը, Մատրոս Պոզինիչը և Մատրոս Կոշկան, պատկանում են Արևմուտքի կողմից պատժամիջոցների տակ գտնվող ռուսական պետական ​ United Shipbuilding Corporation ընկերության դուստր ընկերությանը: Ռուսական ընկերությունը չի պատասխանում մեկնաբանությամբ հանդես գալու խնդրանքին։

XS
SM
MD
LG