Մատչելի հղումներ

Հունվարի 6-ի գործով լսումները շարունակվում են այս շաբաթ


Հունվարի 6-ին Միացյալ Նահանգների Կապիտոլիումի վրա հարձակումը հետաքննող Ներկայացուցիչների պալատի ընտրյալ հանձնաժողովը պատրաստվում է իր հաջորդ ծրագրված լսումները անցկացնել երեքշաբթի օրը:

Սպիտակ տան նախկին խորհրդական Փեթ Սիպոլոնն անցած ուրբաթ օրը ժամանեց Միացյալ Նահանգների Կապիտոլիում` հունվարի 6-ի հարցով կազմված հանձնաժողովի առջև փակ դռների հետևում ցուցմունք տալու համար: Սիպոլոնեն Թրամփի օրոք Սպիտակ տան գլխավոր իրավաբանն էր:

Սպիտակ տան նախկին աշխատակազմի ղեկավարի գլխավոր օգնական Քեսսիդի Հաթչինսոնն ավելի վաղ վկայել էր, թե որքան զայրացած և հիասթափված է եղել Թրամփը 2020 թվականի նախագահական ընտրությունները տապալելու իր ջանքերի ձախողման համար: Նա ասել է, թե Սիպոլոնեն մինչեւ հունվարի 6-ը նախազգուշացրել էր «լուրջ իրավական հետևանքների» մասին:

Թրամփը, սակայն, շարունակում է դատապարտել հանձնաժողովի անդամներին, նրանց համարելով ստախոսներ, նրանց կատարած աշխատանքը անվանելով կեղծիք: Նա իր ստեղծած Truth Social սոցիալական մեդիայի հարթակում վերջերս ասել է. «Ինչու՞ պիտի Միացյալ Նահանգների ապագա նախագահը ցանկանար անկեղծ և կարևոր խոսակցություն ունենալ Սպիտակ տան իր խորհրդականի հետ, եթե կարծում էր, որ կա նույնիսկ փոքր հնարավորություն, որ այդ անձնավորությունը, ըստ էության հանդես գալով որպես երկրի «փաստաբան», կարող էր երբևէ հայտնվել Կոնգրեսի կուսակցական և բացահայտ թշնամական հանձնաժողովի առջև»:

Հիշեցնենք, որ մինչ այդ Ներքին եկամուտների ծառայության հանձնակատարը հանձնարարել էր վերանայել Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ջեյմս Քոմիի և նախկին փոխտնօրեն Էնդրյու Մաքքեյբի հարկային վճարումները, որոնց երկուսին էլ Թրամփը հաճախակի և հրապարակայնորեն թիրախավորում էր իր նախագահության ընթացքում: Եվ սա այն դեպքում, երբ ծառայության կողմից հարկային փաստաթղթերը վերանայելու աշխատանքները կատարվում են խաղարկության պես, այլ ոչ թե հրահանգներով:

Թրամփը դարձավ ԱՄՆ-ի մեր ժամանակների առաջին նախագահը, որն այդպես էլ հասանելի չդարձրեց իր հարկային հայտարարագրերը:

''Ամերիկայի Ձայն''

XS
SM
MD
LG