Շաբաթը սկսել ենք Հարավային կիսագնդից ՆԱՍԱ-ի կողմից իրականացվող առաքելություններով, որոնցից մեկը տեղի ունեցավ Ավստրալիայի Առնհեմ տիեզերական կենտրոնից: Տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ դա Ավստրալիայի պատմության մեջ առաջին կոմերցիոն հրթիռի արձակումն էր: Հրթիռը ուներ հատուկ սարքավորումներ «Alpha Centauri» աստղային համակարգը դիտարկելու համար, որը ըստ «Equatorial Launch Australia»-ի, կարող է տեղի ունենալ միայն Հարավային կիսագնդից:
Այժմ տեղափոխվենք Նոր Զելանդիա, որտեղ օդատիեզերական արտադրող «Rocket Lab»-ի Էլեկտրոն հրթիռը տեղափոխում է ՆԱՍԱ-ի «CAPSTONE» սարքը՝ լուսնի վրա հիմնված «Gateway» անունով տիեզերակայանի ուղեծրի ճանապարհը քարտեզագրելու համար: ՆԱՍԱ-ն «Gateway»-ն անվանում է «բեմադրման կետ» խորը տիեզերքի երկարաժամկետ հետազոտության համար:
Ամերիկայի Անկախության օրը, 1997 թվականի հուլիսի 4-ին էր, երբ ՆԱՍԱ-ի գիտնականները լուր ստացան, որ «Mars Pathfinder»-ը վայրէջք էր կատարել Կարմիր մոլորակի վրա: «Pathfinder»-ը առաջին ռոբոտային ռովերն էր, որն այցելել էր Մարս: Այն Մարսից հետ էր ուղարկել հինգ հարյուր հիսուն պատկերներ, ինչի շնորհիվ այս առաքելությունը շատ հաջողված էր համարվել:
Միևնույն ժամանակ, Եվրոպայի ամենաբարձր գործող հրաբխի՝ Էթնա լեռան հետազոտողները փորձարկում են նոր սերնդի ռովերներ Լուսին ուղարկելու համար: Եվրոպական տիեզերական գործակալության և Գերմանիայի օդատիեզերական կենտրոնի գիտնականները ռոբոտներին փորձարկում են կատաղի քամիներով կոշտ տեղանքում, ինչը նմանակում է լուսնի մակերեւույթը:
«Մենք ռոբոտներին տեղաշարժելու համար օգտագործում ենք հապտիկ կարգավորիչներ: Հապտիկ արձագանքի շնորհիվ կարելի է զգալ այն, ինչ զգում է ռոբոտը: Այսպիսով, եթե շարժեք հապտիկ սարքը, և ռոբոտը դիպչի որևէ խոչընդոտի, ինքներդ կզգաք այդ հպումը»,- ասել է «ESTEC Human Robot Lab»-ից Թոմաս Կրյուգերը:
Էթնա լեռան թիմը նաև նշել է, որ հավանական է, որ ապագայում տիեզերական հետազոտություններում մարդկանց փոխարինեն ռոբոտները:
Հոդվածը պատրաստվել է Արաշ Արաբասադի նյութի հիման վրա: