Մատչելի հղումներ

ՆԱՍԱ-ն հրթիռներ է արձակում Ավստրալիայի հյուսիսից.


Կիրակի երեկոյան ՆԱՍԱ-ի կողմից տեղի ունեցավ Միացյալ Նահանգներից դուրս գտնվող առևտրային վայրից առաջին հրթիռի արձակումը: Հրթիռը արձակվեց Ավստրալիայի Արնհեմի տիեզերական կենտրոնից, որը պատկանում և շահագործվում է «Equatorial Launch Australia» կոչվող ընկերության կողմից:

Նախագիծը «պատմական» պահ է երկրի տիեզերական արդյունաբերության համար, որին մասնակցելու համար Ավստրալիայում են գտնվում ՆԱՍԱ-ի մոտ 75 աշխատակից:

Սա Արնհեմի տիեզերական կենտրոնից ծրագրված երեք արձակումներից առաջինն էր: Հրթիռը կրում էր «մինի Հաբլ» աստղադիտակի նմանվող տեխնոլոգիան:

Չորեքշաբթի օրը Դարվին քաղաքում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզն ասել է, որ հուսով է, որ այս նախագիծը երկրում կոգեշնչի երիտասարդներին:

«Սա իսկապես հուզիչ նախագիծ է: Խոսքը վերաբերում է ոչ միայն հրթիռի արձակմանը, այլ նաև երիտասարդ ավստրալացիների ոգեշնչմանը, որոնցից շատերը նախագիծը տեսնելով կարող են ընտրել ավելի խորանալ բնագիտական ասպարեզում: Մենք ցանկանում ենք, որ հաջորդ սերունդը դիտարկի բնական գիտությունների ուսումնասիրումը որպես Ավստրալիայի ապագայի մեծ մաս»,- ասել է վարչապետը:

Ծրագրի շրջանակներում ՆԱՍԱ-ի առաքելությունն է ուսումնասիրել հելիոֆիզիկայի, աստղաֆիզիկայի և մոլորակային գիտության երևույթները, որոնք կարելի է տեսնել միայն հարավային կիսագնդից: Ըստ ՆԱՍԱ-ի, հրթիռների արձակումն առաջարկում է եզակի հայացք դեպի հեռավոր համակարգեր և գիտնականների համար բացում է նոր հնարավորություններ:

Նախագոծը 1995 թվականից հետո Ավստրալիայում առաջին հրթիռների արձակումն է ԱՄՆ տիեզերական գործակալության կողմից: Երկրում այն ողջունվել է որպես Ավստրալիայի տիեզերական արդյունաբերության «նոր դարաշրջանի» սկիզբ:

Նյութը պատրաստվել է «Reuters» և «AFP» լրատվականների հոդվածների հիման վրա:

XS
SM
MD
LG