Ուկրաինայում ընթանում է դժվար պատերազմ` կանխատեսելով է՛լ ավելի դժվար խաղաղություն
Ռուսաստանի կողմից Ուկրաիանա ներխուժումն ու այստեղ պատերազմը շարունակվելու շուրջ հարցերն են լինելու Մեծ քսանյակի արտաքին գործերի նախարարների մակարդակով անցկացվելիք հանդիպման քննարկման առարկա: Այս հանդիպումն է նախապատրաստելու Ինդոնեզիայում նոյեմբեր ամսին անցկացվելիք Մեծ քսանյակի գագաթաժողովը: ԱՄՆ-ի պետքարտուղարը չունի նախարարների մակարդակով անցկացվող այս հանդիպման ժամանակ ռուս իր պաշտոնակցի հետ միասին նստելու կամ բանակցելու որեւէ նպատակ: Այս մասին է տեղեկացրել Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը: Ինչ վերաբերում է նոյեմբերյան գագաթաժողովին, ըստ ներկա հայտարարությունների, Ռուսաստանի նախագահը մասնակցելու է, սակայն, ինչպես Սպիտակ տան մամլո քարտուղարն է ասել, մինչ այժմ ստացված տպավորությունն այն է, որ այստեղ էլ Պուտինը չունի բանակցելու ցանկություն: ‘’Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա մեկ անգամ եւս պիտի կրկնենք, որ շարունակելու ենք աջակցել այս երկրին, շարունակելու ենք օգնել մարտնչել հանուն ժողովրդավարության, հանուն իրենց տարածքային ամբողջականության’’, ասել է նա, երբ Ռուսաստանի պաշտպանության նախարար Շոյգուն հայտարարում է, թե ‘’ռազմական գործողություններն Ուկրաինայում շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ չեն իրագործվել գլխավոր հրամանատարի կողմից ներկայացված բոլոր պահանջները’’:
Այստեղ հիշենք Ուկրաինայի գլխավոր հրամանատար Վոլոդիմիր Զելենսկիի խոսքերն այն մասին, որ իր երկիրն էլ ‘’չունի այլընտրանք, քան անկախության համար պայքարը շարունակելը, հանուն Ուկրաինա պետության ապագայի համար մինչեւ վերջ մարտնչելը’’:
Սա, ինչպես վերլուծաբան Մարկ Քանսիանն է ասում, դնում է երկարատեւ պատերազմի հիմքեր, երբ անցած չորս ամիսների ընթացքում գրանցվել են տասնյակ հազարավոր զոհեր, տեղահանվել են ու տարհանվել միլինովոր մարդիկ: Այս ամենը ցույց է տալիս, որ ընթանում է դժվար պատերազմ, եւ որ այն ավարտելը լինելու է շատ ավելի դժվար:
''Ամերիկայի Ձայն''