Եվրամիության առաջնորդները փոխզիջման են եկել Ռուսաստանի նկատմամբ նավթի մասնակի բեռնարգելք կիրառելու հարցում: Երկուշաբթի օրը որոշ առումներով մեղմացված բեռնարգելքի մասին որոշումը վերաբերում է միայն ռուսական այն նավթին, որը ներմուծվում է ծովով:
Ինչպես Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն է ասել. «Դրա շնորհիվ Խորհուրդն այժմ պետք է կարողանա մինչև տարեվերջ ավարտել ռուսական նավթի ներմուծման գրեթե 90%-ի արգելքը’’: Նա կարեւորել է նաեւ ‘’Սբերբանկ’’-ին SWIFT ցանցից կտրելու փաստը:
‘’Սբերբանկը Ռուսաստանի ամենամեծ բանկն է, ուստի լավ է, որ մենք այժմ SWIFT-ից հանում ենք այս բանկին’’, ասել է նա ու կենտրոնացել նաեւ ԵՄ-ի ընկերությունների կողմից ռուսական նավերի ապահովագրման և վերաապահովագրման արգելքի վրա: Ուրսուլո ֆոն դեր Լեյենը նաեւ կարեւորել է Եվրամիության տարածքում ռուսական եւս երեք պետական լրատվամիջոցների հեռարձակումներն արգելելու որոշումը, նպատակ ունենալով կանխել ռուսական ապատեղեկատվության տարածումը:
Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելի խոսքերով էլ, «Սա ուշագրավ ձեռքբերում է Եվրոպական խորհրդի կողմից։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն գործընկերներին, ովքեր մասնակցել են այս հանդիպմանը, քանի որ մեզ անհրաժեշտ է քաղաքական առաջնորդություն այս արտասովոր, դժվարին ժամանակներում», ասել է նա:
Միշելն ասել է, որ նոր պատժամիջոցները, որոնց ընդունման համար անհրաժեշտ է բոլոր 27 անդամ երկրների աջակցությունը, կհաստատվեն մինչև չորեքշաբթի:
ԵՄ-ն իր բնական գազի մոտ 40% և նավթի 25%-ը ստանում է Ռուսաստանից:
''Ամերիկայի Ձայն''