Մատչելի հղումներ

Ռուսական զորքերը մուտք են գործել Ուկրաինայի արևելյան Սիևյերոդոնեցկ քաղաքի արվարձաններ


Լուգանսկի շրջանի նահանգապետ Սերխի Գայդայը երկուշաբթի օրն ասել է, որ ռուսական զորքերը առաջ են շարժվում Սիևյերոդոնեցկ քաղաքի հարավ-արևելյան և հյուսիս-արևելյան ծայրամասերում: Սիևյերոդոնեցկը, որը Դոնբասում Մոսկվայի հարձակման առանցքային թիրախն է, հայտնվել է կատաղի մարտերի ներքո և ենթարկվում է անդադար գնդակոծությունների: Սակայն ուկրաինական ուժերի համառ դիմադրության պատճառով ռուսական կողմի առաջխաղացումը տեղի է ունենում շատ դանդաղ:

Այստեղ կռվող ուկրաինացի զինվորականներն ասում են, թե չէին ուզենա այս պահին կնքել զինադադարի մասին պայմանագիր, քանի որ այս պահին այն կգործեր ի վնաս Ուկրաինայի շահերի: ‘’Իսկ բանակցություններ պիտի տեղի ունենան ուկրաինական կողմի պահանջներին համապատասխան’’, ասում է զինվորագրված նախկին ուսուցիչ Դիմիտրոն: Նրա խոսքերով, այս պայմաններում զինադադարը կվնասեր նաեւ Զելենսկիի պաշտոնավարմանը, ինչն իրենք ընդհանրապես չեն ուզում:

Ուկրաինայի երկրորդ ամենամեծ քաղաքը համեմատաբար հանգիստ է այն պահից, երբ ռուսական ուժերն այս ամսիս հետ մղվեցին այնտեղից: Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, որը կիրակի օրը այցելել էր Խարկովի մարզի առաջնագծում գտնվող զորքերին, հեռուստատեսային ելույթում ասել է, որ Ռուսաստանի ներկա հիմնական նպատակը Սիևյերոդոնեցկի գրավումն է:

Ռուսական ուժերը դանդաղ առաջ են շարժվում, հանդիպում ուժեղ դիմադրության
please wait

No media source currently available

0:00 0:02:26 0:00

«Սիևյերոդոնեցկի դեմ ռուսական հարվածների հետևանքով քաղաքի բոլոր կարևոր ենթակառուցվածքները ոչնչացված են: Շենքերի 90%-ը վնասված է. Բնակելի տների երկու երրորդից ավելին ամբողջությամբ ավերված է։ Հեռահաղորդակցություն չկա։ Գնդակոծությունն անդադար է», ասել է նա:

Պատերազմի սկզբնական փուլում չկարողանալով գրավել մայրաքաղաք Կիևը` Ռուսաստանը ձգտում է ամրապնդել իր վերահսկողությունը Դոնբասում, որի լայնածավալ հատվածներ արդեն գտնվում են Մոսկվայի աջակցութունը վայելող անջատողականների վերահսկողության ներքո:

Ուկրաինայի կառավարությունը հորդորել է Արևմուտքին ավելի մեծ հեռահարության զենքեր տրամադրել՝ պատերազմի ընթացքը շրջելու համար:

Այս պահին Եվրամիության առաջնորդները փորձում են համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը, որը կարող է ներառել նավթի էմբարգո` բեռնարգելք:

Սույն հոդվածը կազմված է ''Ռոյթերս''-ից ստացված հաղորդագրությունների հիման վրա:

XS
SM
MD
LG