Մատչելի հղումներ

Ամերիկացի փորձագետները չեն բացառում ուկրաինական ուժերի հակահարձակում ամառվա վերջին կամ աշնան սկզբին


Ներխուժման առաջին օրերին ռուս պաշտոնյաներն ասում էին, որ իրենց նպատակն է ապառազմականացնել և դենացիֆիկացնել Ուկրաինան։ Ինչ հաջողությունների է հասել Մոսկվան Ուկրաինայում

Ուկրաինա ռուսական ներխուժման առաջին օրերին արևմտյան վերլուծաբանները կանխատեսում էին, որ Ռուսաստանի զինված ուժերը արագորեն վերահսկողության տակ կվերցնեին Ուկրաինան և նրա մայրաքաղաք Կիևը:

Երեք ամիս անց ակնհայտ է, որ ռուսական բանակը զգալի վնաս է հասցրել երկրին:

«Նրանք գրավել են տարածքներ և հսկայական վնաս են հասցնում Ուկրաինայի տնտեսությանը։ Նրանք նաև արգելափակում են հացահատիկի արտահանումը»,- ասում է ԱՄՆ բանակի պաշտոնաթող գեներալ Բեն Հոջես:

Սակայն չնայած դրան՝ արևմտյան ռազմական փորձագետներն ասում են, որ ռուսական ռազմարշավը ձախողվել է:

«Ես նկատի ունեմ, որ նրանք ձախողել են բոլոր նպատակները: ՊՆ-ը կոռումպացված մի հաստատություն է: Նրանց զինվորները մարդասպաններ են, նրանք անխտիր զենք են օգտագործում քաղաքացիական թիրախների դեմ»,- պնդում է պաշտոնաթող ամերիկացի գեներալը։

Եվրոպայում ԱՄՆ ուժերի նախկին հրամանատար, գեներալ Բեն Հոջեսը նշում է, որ Ռուսաստանը հաշվի չի առել ուկրաինացի ժողովրդի կատաղի դիմադրությունն ու կամքը:

«Պատերազմը նյութատեխնիկական ապահովման փորձություն է և կամքի դրսևորում, և պարզ է, որ ուկրաինացի զինվորներն ու ուկրաինացի բնակչությունը փայլուն կամք ունեն, քանի որ նրանք կռվում են իրենց հայրենիքի համար: Նրանք կռվում են բառացիորեն պաշտպանելու իրենց ընտանիքները, մինչդեռ Ռուսաստանը ագրեսոր զավթիչ է, ռուս զինվորականները սարսափելիորեն օգտագործվում են որպես թնդանոթի միս, քանի որ իրենց իսկ ղեկավարությունը թքած ունի նրանց վրա»,- ասում է Հոջեսը:

Ուկրաինա ռուսական ներխուժման նախնական ծրագիրը ձախողվել է. տեսակետ
please wait

No media source currently available

0:00 0:03:32 0:00

Ուկրաինական դիմադրությունը ստիպել է ռուսներին փոխել իրենց նախնական ռազմավարությունը՝ արագ բլիցկրիգի տիպի ներխուժումը վերածելով ավելի դանդաղ, մահացու և ավելի վնասակար պատերազմի:

«Նրանք փորձում են հսկայական քանակությամբ զանգվածային ուժեր ստեղծել, և նրանք պարզապես շատ դանդաղ, շատ անարդյունավետ և շատ կործանարար կերպով առաջ են սողում դեպի ուկրաինական տարածք՝ ոչնչացնելով ամեն ինչ: Իրականում դա ինչ-որ առումով համապատասխանում է Ռուսաստանի վարած պատեերազմին Գրոզնիում, Սիրիայում, Դոնբասում և Ղրիմում, որը հիմնականում բնաջնջում է տարածքը և հակառակորդին»,- նշում է Յան Բրժեզինսկին Ատլանտյան խորհրդից:

Ատլանտյան խորհրդի վերլուծաբան Յան Բրժեզինսկին ասում է, որ այս նոր ռազմավարության պարագայում արևմտյան դաշնակիցները պետք է երկարաժամկետ պարտավորություն ստանձնեն՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շարունակելու հարցում, ինչպես նաև նյութական և նյութատեխնիկական օգնություն ցուցաբերեն Ուկրաինային։

«Դա երկարաժամկետ քայքայման խաղ է, որտեղ առանցքայինը Ուկրաինայի վստահության և կամքի պահպանումն է: Դա կարող է արվել Ուկրաինային արևմտյան օգնության ցուցաբերման, ռազմական մատակարարումների հոսքի ուժեղացման և ընդլայնման միջոցով»,- նշում է Բրժեզինսկին:

Հոջեսը կանխատեսում է, որ հարձակումը կտևի մինչև աշուն, և որ ուկրաինական ուժերը կազատագրեն այն, ինչ կորցրել են:

«Այսպիսով, կարծում եմ օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի առաջին կեսին ռուսական ուժերը կկազմաքանդվեն, և Ուկրաինան, հուսով ենք, կունենա բավականաչափ հարձակողական կարողություն՝ հակահարձակման անցնելու համար՝ ռուսներին հետ մղելու առնվազն փետրվարի 23-ի գիծ: Կարծում եմ՝ մինչեւ սեպտեմբեր դա տեղի կունենա»,- ասում է գեներալ Հոջեսը։

Սակայն Ուկրաինայի հետագա վերակառուցումը շատ մեծ մարտահրավեր է, որին երկիրը պետք է բախվի ապագայում: Համաշխարհային բանկը նշում է, որ պատերազմն ավելի քան 60 միլիարդ դոլարի վնաս է հասցրել Ուկրաինայի ենթակառուցվածքներին, ավելի քան 12 միլիոն մարդ տեղահանվել է:

Հոդվածը պատրաստվել է ''Ամերիկայի ձայն''-ի լրագրող Օլեքսի Կովալենկոյի նյութի հիման վրա

XS
SM
MD
LG