ԱՄՆ ֆինանսների նախարարություն. Այս տարի պետբյուջեի դեֆիցիտը կկրճատվի մեկուկես տրիլիոն դոլարով
Չորեքշաբթի օրը՝ մայիսի 4-ին, նախագահ Բայդենը ելույթ կունենա տնտեսական հարցերի վերաբերյալ, հայտնել է Սպիտակ տունը։ Ելույթի հիմնական թեմաներից մեկը բյուջեի դեֆիցիտն է։
«Նախագահն այսօր կխոսի կարևոր նորությունների մասին, և նա վճռական է կրճատելու [բյուջեի] դեֆիցիտը, միաժամանակ շարունակելով կարևոր ներդրումներ կատարել մեր տնտեսական ներուժն ամրապնդելու և ամերիկյան ընտանիքների համար առաջին անհրաժեշտության ապրանքների, ինչպիսիք են դեղերի, բժշկական օգնության և կոմունալ ծառայությունների ծախսերը նվազեցնելու համար»: Այդ մասին Reuters-ին հայտնել է վարչակազմի պաշտոնյան, ով չի ցանկացել հրապարակել իր անունը:
Հանրապետականները քննադատել են նախագահին և նրա գործընկեր դեմոկրատներին այն բանի համար, որ Բայդենի՝ Սպիտակ տուն գալուց ի վեր գնաճն աճել է ռեկորդային տեմպերով։ Վարչակազմի քաղաքականության որոշ քննադատներ գնաճի աճը վերագրում են Սպիտակ տան դաշնային ծախսերին՝ շարունակվող COVID-19 համաճարակի պայմաններում:
Նախագահը դեռևս առաջ է քաշում 2 տրիլիոն դոլար արժողությամբ դաշնային օրինագծի ընդունումը՝ սոցիալական ծրագրերն ընդլայնելու և կլիմայի փոփոխության դեմ պայքարի գործողություններն ակտիվացնելու համար: Այնուամենայնիվ, դեմոկրատները դեռ չեն կարողացել ընդունել այս օրինագիծը Սենատում. յուրաքանչյուր ձայն կարևոր էր դեմոկրատների համար, բայց նրանց կուսակից անդամ սենատոր Ջո Մանչինը կտրականապես դեմ էր կառավարության ծախսերի նման ավելացմանը:
ԱՄՆ դաշնային բյուջեի դեֆիցիտը գրանցվում է ամեն տարի 2001 թվականից։ 2016 թվականից սկսած՝ ծախսերը, ներառյալ սոցիալական ապահովությունը, առողջապահությունը, պաշտպանությունը և պետական պարտքի տոկոսավճարները, սկսեցին գերազանցել դաշնային գանձարանի մուտքերը: Արդյունքում, դեֆիցիտի աճն այժմ տատանվում է տարեկան շուրջ երեք տրիլիոն դոլարի շուրջ:
Բայդենի վարչակազմին հաջողվել է նրա նախագահության առաջին տարում պակասուրդը կրճատել 350 միլիարդ դոլարով։ Գանձապետարանի գնահատմամբ՝ այս տարի դեֆիցիտը պետք է նվազի ևս 1,5 տրիլիոն դոլարով, ինչը երկրի պատմության մեջ ամենամեծ տարեկան անկումն է: Դրանով գանձապետարանը ակնկալում է, որ 2016 թվականից ի վեր առաջին անգամ կկարողանա մարել իր եռամսյակային պետական պարտքը։
Հոդվածը պատրաստվել է Reuters գործակալության նյութի հիման վրա