Մատչելի հղումներ

Ֆինլանդիան և Շվեդիան մտադիր են այս ամառ անդամակցել ՆԱՏՕ-ին


Անցյալ շաբաթ այս հարցը քննարկվել է ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո Ֆինլանդիան և Շվեդիան ծրագրում են ամռանը անդամակցել ՆԱՏՕ-ին։ Այս մասին գրում է բրիտանական The Times-ը՝ վկայակոչելով ամերիկյան աղբյուրները։ Այս թեման քննարկվել է անցյալ շաբաթ ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման ժամանակ։

Դա Ռուսաստանի «մեծ ռազմավարական սխալ հաշվարկի արդյունք է», մեջբերում է թերթը իր աղբյուրի խոսքերը։

Եթե այս ծրագրերը կյանքի կոչվեն, ապա Ֆինլանդիան կդառնա ՆԱՏՕ-ի անդամների թվում Ռուսաստանի հետ ամենաերկար (ավելի քան 1300 կիլոմետր) ընդհանուր սահման ունեցող երկիրը։ Ե՛վ Ֆինլանդիան, և՛ Շվեդիան ունեն երկար ափեր և բազմաթիվ կղզիներ Բալթիկ ծովում:

Երկու երկրներն էլ չեզոք են։ Ընդ որում, Շվեդիան 200 տարուց ավելի որևէ ռազմական դաշինքի մեջ չի մտել։ Սակայն վերջին շրջանում ռուսական ագրեսիայի ազդեցության տակ երկու երկրներում էլ հասարակական կարծիքը փոխվել է՝ ֆինների ու շվեդների աճող թիվը կողմ է ՆԱՏՕ-ի անդամակցությանը։

Ինչպես գրում է շվեդական Aftonbladet թերթը, Շվեդիան կարող է հաստատել ՆԱՏՕ-ին անդամակցելու իր դիմումը մինչև հունիսի կեսերը, իսկ նույն ամսվա վերջին այն կարող է հաստատվել կազմակերպության Մադրիդում կայանալիք գագաթնաժողովում։ Ստոկհոլմն ու Հելսինկին միաժամանակ ակնկալում են անդամակցել ՆԱՏՕ-ին և սերտորեն համակարգում են իրենց գործողությունները, գրում է թերթը։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմեր Զելենսկին Associated Press-ին տված հարցազրույցում ասել էր, որ Ռուսաստանի ներխուժումն ուկրաինական տարածք չէր լինի, եթե Կիևը լիներ ՆԱՏՕ-ի անդամ։

Հոդվածը պատրաստվել է Ազատություն ռադիոկայանի նյութի հիման վրա

XS
SM
MD
LG