Մատչելի հղումներ

ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է նախապատրաստում Ռուսաստանի դեմ՝ մեղադրելով Մոսկվային ռազմական հանցագործությունների մեջ 


Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ԵՄ երկրների ներկայացուցիչները կքննարկեն ապրիլի 6-ին

Եվրամիությունը նոր պատժամիջոցներ է ծրագրում Ռուսաստանի դեմ՝ Կիևի արվարձաններում խաղաղ բնակիչների սպանդի մասին հաղորդումներից հետո։ Եվրախորհուրդը դրա մեջ մեղադրում է Մոսկվային: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջարկեց ամբողջությամբ դադարեցնել ԵՄ երկրների՝ ածուխի և նավթի գնումները Ռուսաստանից։

Եվրախորհուրդը, որը ԵՄ բարձրագույն քաղաքական մարմինն է, հայտարարություն է տարածել, որ Ռուսաստանի կողմից վերահսկվող Ուկրաինայի տարածքներում իրականացված ջարդերը հավերժ կմնան Եվրոպայի պատմության մեջ։ Տեքստում ընդգծվում է, որ Ռուսաստանը պատասխանատվություն է կրում իր վերահսկողության տակ գտնվող տարածքում կատարված հանցագործությունների համար։

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ԵՄ երկրների ներկայացուցիչները կքննարկեն ապրիլի 6-ին։ Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին կոչ է արել ԵՄ առաջնորդների լրացուցիչ արտակարգ գագաթնաժողով անցկացնել։ Նրա խոսքով՝ Գերմանիան շարունակում է մնալ նոր պատժամիջոցների գլխավոր հակառակորդը, մինչդեռ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը նախօրեին հայտարարել էր Բուչայում տեղի ունեցած սպանդի հետ կապված Ռուսաստանի դեմ սահմանափակումները խստացնելու անհրաժեշտության մասին։

Մոսկվան կտրականապես հերքում է սպանդի մասին մեղադրանքները և դրանց մասին հաղորդումները որակում կեղծված։ Կիրակի օրը Մոսկվան հայտարարեց, որ ծրագրում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել՝ քննարկելու իրավիճակը։ Երկուշաբթի օրը Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան ասել է, որ Մեծ Բրիտանիան չի համաձայնել հանդիպմանը, սակայն Ռուսաստանը կպնդի, որ հանդիպումը կայանա։

Ռուսաստանի Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը գլխավոր քննչական վարչությանը հանձնարարել է վերլուծել Բուչայում քաղաքացիական անձանց սպանության մասին տեղեկությունները և ստուգել, թե արդյոք այս նյութերի տարածումը չւ հետապնդվում քրեորեն ռուսական բանակի մասին կեղծ տեղեկություններ տարածելու օրենսդրության շրջանակում: Այս հոդվածը Ուկրաինայի հետ պատերազմի սկզբում ավելացվել է ՌԴ քրեական օրենսգրքում Պետդումայի կողմից։

XS
SM
MD
LG