Մատչելի հղումներ

ՄԱԿ. Ուկրաինայում 1080 խաղաղ բնակիչ է զոհվել, 1707-ը՝ վիրավորվել


ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խումբը հետաքննում է Մարիուպոլից Ռուսաստան քաղաքացիական անձանց բռնի տեղահանման մասին պնդումները

Ուրբաթ օրը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակը հայտարարել է, որ հաստատում է Ուկրաինայում ռուսական ներխուժման սկզբից ի վեր 1081 խաղաղ բնակիչների մահը: ՄԱԿ-ի տվյալներով՝ վիրավորվել է 1707 խաղաղ բնակիչ, սակայն իրական զոհերի թիվը, հավանաբար, շատ ավելին են։

Այժմ ՄԱԿ-ի մարդու իրավունքների դիտորդներն աշխատում են Սումիի, Խարկովի և Դոնեցկի շրջաններում, ներառյալ Մարիուպոլ քաղաքում, բախումների հետևանքով խաղաղ բնակիչների մահվան վերաբերյալ տվյալները ստուգելու համար:

ՄԱԿ-ի իրավապաշտպան թիմը հետաքննում է նաև Մարիուպոլից Ռուսաստան քաղաքացիական անձանց բռնի տեղահանման մասին պնդումները:

Ուրբաթ օրը Ուկրաինայում ՄԱԿ-ի մարդու իրավունքների առաքելության ղեկավար Մաթիլդա Բոգները մամլո ասուլիսի ժամանակ ասել է, որ «Մարիուպոլում խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը շատ ավելի մեծ է։ Մենք ավելի ու ավելի շատ տեղեկություններ ունենք այնտեղ գտնվող զանգվածային գերեզմանների մասին։ Օրինակ՝ արբանյակից մեզ հաջողվել է մեկ զանգվածային գերեզմանի մասին տեղեկություն ստանալ։ Այստեղ մեր հաշվարկներով՝ մոտ 200 զոհված մարդ կա»։

Նա նաև նշել է, որ Ուկրաինայում խաղաղ բնակչության զոհերի և քաղաքացիական օբյեկտների ոչնչացման ծավալները թույլ են տալիս ենթադրել, որ մարդասիրական սկզբունքները խախտվել են խաղաղ բնակչություն ունեցող տարածքներում ռազմական գործողությունների ընթացքում:

Ուրբաթ օրը G7-ի արտգործնախարարները հայտարարեցին, որ իրենք «խորապես անհանգստացած են» Ուկրաինայի խաղաղ բնակչության վրա «Ռուսաստանի շարունակական հարվածների» կապակցությամբ և ավելացրել է, որ պատասխանատվության կենթարկեն ռազմական հանցագործությունների համար մեղավորներին:

«Մենք կրկնում ենք, որ չթիրախավորված հարձակումներն արգելված են միջազգային մարդասիրական իրավունքով։ Մենք պատասխանատվության կենթարկենք նրանց, ովքեր մեղավոր են պատերազմական հանցագործությունների համար, ներառյալ խաղաղ բնակչության դեմ զենքի անխտիր կիրառման», - ասվում է G7-ի արտգործնախարարների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է ԱՄՆ պետքարտուղարության կողմից:

Անցյալ շաբաթ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մամլո ասուլիսում ասել է, որ «ուկրաինացի ժողովուրդն ապրում է իսկական դժոխքում», քանի որ ուկրաինացի խաղաղ բնակչությունը պարբերաբար ռմբակոծվում է, որի արդյուքում ավերվում են հիվանդանոցներ, դպրոցներ, բնակելի շենքեր և այլ քաղաքացիական ենթակառուցվածքներ:

ՄԱԿ-ի վերջին տվյալներով՝ հակամարտության սկզբից ի վեր Ուկրաինան լքել է 3,7 միլիոն փախստական։ Ուկրաինացի երեխաների կեսից ավելին դարձել է ներքին տեղահանված, իսկ ընդհանուր առմամբ ներքին տեղահանվածների թիվը հասնում է 7 միլիոնի: Սա նշանակում է, որ երկրի գրեթե յուրաքանչյուր վեցերորդ բնակիչը հանդիսանում է հարկադիր միգրանտ։

Հոդվածը պատրաստվել է Associated Press գործակալության նյութի հիման վրա

XS
SM
MD
LG