Մատչելի հղումներ

Նախկին նախագահներ Քլինթոնն ու Բուշ կրտսերը միասին աջակցություն են հայտնել Ուկրաինային


ԱՄՆ-ի երկու նախկին նախագահներ՝ դեմոկրատ Բիլ Քլինթոնը և հանրապետական Ջորջ Բուշ կրտսերը, ուրբաթ այցելել են Չիկագոյում գտնվող ուկրաինական եկեղեցի՝ ցույց տալով իրենց աջակցությունն Ուկրաինային ռուսական ներխուժման պայմաններում:

Բուշն ու Քլինթոնը կրում էին կապույտ և դեղին ժապավեններ, որոնք խորհրդանշում են Ուկրաինայի դրոշի գույները: Ուկրաինայի մեկ այլ խորհրդանիշ արևածաղկի ծաղկեփնջերն էլ դրված են Չիկագոյի Սուրբ Վոլոդիմիր և Օլգա հունական կաթոլիկ եկեղեցու առջև:

Նախաձեռնությունը նպատակ ուներ ցույց տալ ԱՄՆ-ի համերաշխությունը Ուկրաինայի ժողովրդի հետ այն բանից հետո, երբ Ռուսաստանը պատերազմ սկսեց իր հարևանի դեմ, ասվում է Բիլ Քլինթոնի թվիթերյան էջում հրապարակված տեսանյութի տակ։

«Ամերիկան միավորված է Ուկրաինայի ժողովրդի հետ՝ հանուն ազատության և ճնշումների դեմ նրանց պայքարում»,- ասվում է հրապարակված տեսանյութում։

Ըստ Agence France-Presse-ի՝ ԱՄՆ 42-րդ և 43-րդ նախագահների հայտարարությունները տարբերվում են ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի հռետորաբանությունից, ով ներխուժումից քիչ առաջ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի հետ սահմանին զորքերի կենտրոնացման ռազմավարությունը, իսկ այնուհետև անջատողական Դոնեցկի և Լուգանսկի ճանաչումը անվանել էր «հնարամիտ»։

XS
SM
MD
LG