Ուկրաինացի պաշտոնյաները Մոսկվային մեղադրում են խաղաղ բնակչության դեմ ֆոսֆորային զինամթերք կիրառման մեջ
Այն փաստը, որ Ռուսաստանն ընդլայնում է իր թիրախների շրջանակը Ուկրաինայում և, մասնավորապես, ձգտում է նոր թիրախներ խոցել Լեհաստանի հետ Ուկրաինայի սահմանային գոտում, արտացոլում է Մոսկվայի աճող դժգոհությունը ներխուժման տեմպերից, կիրակի օրը CNN-ին ասել է ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, հաղորդում է Ռոյթերս գործակալությունը։
Սալիվանը հիշեցրել է, որ Վաշինգտոնը մտադիր չէ Ուկրաինայում ԱՄՆ ռազմական ուժեր տեղակայել, սակայն ընդգծել է, որ ԱՄՆ-ը կպաշտպանի ՆԱՏՕ-ի տարածքի «ամեն թիզը»։
Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ-ն կավելացնի օգնությունը ուկրաինական ուժերին, այդ թվում՝ հակաօդային սպառազինություն տրամադրելով նրանց։
Սալիվանն ընդգծել է, որ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները կշարունակեն ճնշում գործադրել Ռուսաստանի վրա և նախազգուշացրել է, որ Չինաստանի կամ այլոց կողմից արևմտյան պատժամիջոցներից խուսափելու համար Մոսկվային օգնելու ցանկացած գործողությունը կունենա հետևանքներ:
Միևնույն ժամանակ, Ուկրաինայի օմբուդսմեն Լյուդմիլա Դենիսովան կիրակի օրը մեղադրել է Ռուսաստանին Լուգանսկի շրջանի Պոպասնայա քաղաքի գիշերային ռմբակոծության ժամանակ արգելված ֆոսֆորային զինամթերք օգտագործելու մեջ։
Դենիսովան ցույց է տվել մի լուսանկար, որը, ենթադրաբար, հարձակման մասին է:
Դենիսովայի առցանց հայտարարությունում ընդգծվում է, որ այս տեսակի զենքով խաղաղ քաղաքի ռմբակոծումը ռազմական հանցագործություն է մարդկության դեմ։
Միևնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմեր Զելենսկին կիրակի օրը հեռարձակված տեսաուղերձում ասել է, որ մոտ 125 հազար մարդ է տարհանվել հումանիտար միջանցքներով հակամարտության գոտուց։ Ընդգծելով, որ Մարիուպոլում իրավիճակը ներկայումս առանցքային խնդիրներից է՝ Զելենսկին նշել է, որ մարդասիրական օգնության ավտոշարասյունն այժմ գտնվում է պաշարված քաղաքից ընդամենը 80 կիլոմետր հեռավորության վրա, որտեղ ավելի քան 400 հազար մարդ արգելափակված է և չի կարող տարհանվել։