Մատչելի հղումներ

Ռուսաստանը հրաժարվում է Եվրախորհրդի աշխատանքներին հետագա մասնակցությունից


Որոշումը հրապարակվել է Ուկրաինա շարունակվող ռուսական զինված ներխուժման պայմաններում

ՌԴ ԱԳՆ-ը հայտնել է, որ Մոսկվան այլևս մտադիր չէ մասնակցել Եվրախորհրդի աշխատանքներին, քանի որ, նրա կարծիքով, արևմտյան երկրները խաթարում են այդ կազմակերպության գործունեությունը։

Մոսկվան նաև ընդգծում է, որ Ռուսաստանը չի մասնակցի նատօականների և դրան լուռ հետևող ԵՄ ջանքերին եվրոպական հնագույն կազմակերպության վերածմանը արևմտյան գերազանցության և ինքնահավանության դրսևորման հարթակի:

Որոշումը հրապարակվել է Ուկրաինայի տարածք Ռուսաստանի կողմից շարունակվող զինված ներխուժման, աշխարհի բազմաթիվ երկրներից Ռուսաստանի ղեկավարության գործողությունների սուր քննադատության և ռուս քաղաքական գործիչների, գործարարների, բանկերի, պետական կառույցների նկատմամբ արևմտյան աննախադեպ տնտեսական պատժամիջոցների պայմաններում։

Փետրվարի 25-ին՝ ռուսական ներխուժման երկրորդ օրը, Եվրախորհրդի Նախարարների կոմիտեն որոշում ընդունեց դադարեցնել Ռուսաստանի անդամակցությունն այդ կառույցին՝ ուկրաինական պատերազմի պատճառով։

Որոշումն ընդունվել է Լեհաստանի և Ուկրաինայի նախաձեռնությամբ։

Ինչպես հաղորդվում էր այն ժամանակ, Ռուսաստանը զրկված էր խորհրդում և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ներկայացուցչություն ունենալու իրավունքից, սակայն պահպանվում է որպես ստորագրված եվրոպական կոնվենցիաների, այդ թվում՝ մարդու իրավունքների կոնվենցիայի կողմ։

Անդամության կասեցումը մշտական միջոց չէ: Մոսկվան դեռևս Խորհրդի հետ շփման ուղիներ ունի, ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։

XS
SM
MD
LG