Մատչելի հղումներ

ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել 160 ռուսաստանցիների և Բելառուսի մի շարք բանկերի նկատմամբ


ԵՄ-ն անջատում է Բելառուսի 3 բանկ SWIFT համակարգից, պատժամիջոցներ է սահմանում Բելառուսի Կենտրոնական բանկի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության 160 քաղաքացիների նկատմամբ

Հինգշաբթի օրը Վերսալում ԵՄ առաջնորդների գագաթնաժողովի նախօրեին հայտարարվել է ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթի մասին, որը ներառում է Բելառուսի մի շարք բանկեր և 160 ռուսաստանցիներ՝ կապված Ուկրաինայում շարունակվող ագրեսիայի հետ, նշում է Ռոյթերսը։

SWIFT բանկային համակարգից կանջատվի 3 բանկ՝ Բելագրոպրոմբանկը, Դաբրաբիթ Բանկը և Բելառուսի Հանրապետության Զարգացման Բանկը։ Բելառուսի Կենտրոնական բանկի դեմ պատժամիջոցները ներառում են այս բանկի հետ գործարքների արգելք և Բելառուսում առևտրի և ներդրումների ֆինանսավորման արգելք։ Բացի այդ, Եվրամիությունը մտադիր է արգելել Բելառուսին եվրո թղթադրամների տրամադրումը։

Պատժամիջոցների ցուցակում ընդգրկված են 160 ռուսաստանցիներ՝ Դաշնության խորհրդի 146 անդամ և 14 օլիգարխ, այդ թվում՝ «Աերոֆլոտ»-ի ղեկավար Միխայիլ Պոլուբոյարինովը, «Ռոսնանո»-ի ղեկավար Սերգեյ Կուլիկովը, VK-ի ղեկավար Վլադիմիր Կիրիենկոն (նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սերգեյ Կիրիենկոյի որդին), ով արդեն գտնվում է ԱՄՆ պատժամիջոցների տակ, Marathon Group-ի նախագահ Ալեքսանդր Վինոկուրովը (ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի փեսան) և Ռոստելեկոմի նախագահ Միխայիլ Օսեևսկին։

Այժմ եվրոպական պատժամիջոցների ընդհանուր ցուցակում կա 862 մարդ և 53 կազմակերպություն, որոնք կապված են Ուկրաինա ներխուժման հետ։ Եվրամիությունը նաև արգելել է ծովային տեխնոլոգիաների արտահանումը Ռուսաստան և այժմ աշխատում է պատժամիջոցները շրջանցելու համար կրիպտոարժույթների օգտագործումը կանխելու ուղղությամբ:

ԵՄ առաջնորդները կքննարկեն Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, ավելի քան 2 միլիոն ուկրաինացի փախստականների իրավիճակը և Ուկրաինայի՝ ԵՄ արագ մուտք գործելու խնդրանքը:

«Ընդունման գործընթացը կարող է երկար տևել», - ասում է ԵՄ-ի աշխատակիցը, որը նախապատրաստում է բանակցությունները Վերսալում: Պաշտոնյան հավելել է, որ եվրոպացի առաջնորդները միաժամանակ ցանկանում են ամրապնդել կապերը Ուկրաինայի հետ։ Նրանք կքննարկեն Կիևի կապերի ընդլայնումը ԵՄ միասնական շուկայի և Եվրոպայի էներգետիկ համակարգի հետ:

XS
SM
MD
LG