Մատչելի հղումներ

Ուկրաինան զգուշացնում է Եվրոպա գազի տարանցման հնարավոր խնդիրների մասին


Երկրի իշխանություններն ընդգծում են, որ Ռուսաստանի կողմից երկու գազի կոմպրեսորային կայանների գրավումը վտանգ է ներկայացնում էներգակիրների մատակարարումների համար

Ուկրաինայի արևելքում գազային կոմպրեսորային երկու կայաններ՝ Նովոպսկովում (Լուգանսկի մարզ) և Կուպյանսկում, որոնք գտնվում են Խարկովի մոտ, անցել են ռուսական զորքերի վերահսկողության տակ, հայտնում է «Ռոյթրս» գործակալությունը։

Ուկրաինայի գազային համակարգի օպերատորը զգուշացրել է արևմտյան գործընկերներին, որ դա վտանգ է ներկայացնում Եվրոպա գազ մատակարարման համար։

Գերատեսչության տնօրեն Սերգեյ Մակոգոնը «Ռոյթերս»-ին ասել է, որ «իրական վտանգ կա գազի տարանցման համար», իսկ կառույցի թվիթերյան գրառման մեջ ասվում է. «Եթե Եվրոպայում գազի մատակարարման խափանումներ կամ պակաս կա, ապա ձեր ընտրողներին բացատրեք, թե ով է մեղավոր»:

Ռուսաստանը հաստատում է, որ Նովոպսկովի և Կուպյանսկի գազային կոմպրեսորային կայանները գտնվում են իր վերահսկողության տակ և պնդում, որ երաշխավորում է բոլոր գործողությունների և սարքավորումների անվտանգությունը։

Հինգշաբթի ռուսական «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը մեջբերել է Պուտինի այն հայտարարությունը, որ «Ռուսաստանը լիովին կատարում է իր բոլոր գազային պարտավորությունները, իսկ Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգը 100%-ով ապահովված է»։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան Ռուսաստանից պահանջել է անհապաղ դուրս բերել զորքերը օկուպացված գազային և միջուկային էներգիայի օբյեկտներից։

2021 թվականին Ուկրաինայի տարածքով Եվրոպա է տեղափոխվել մոտ 41,6 միլիարդ խորանարդ մետր ռուսական գազ։ Ուկրաինան մնում է Ռուսաստանի Դաշնությունից գազի մատակարարման հիմնական ուղին, թեև անցյալ տարի մատակարարումները նվազել են 25%-ով, քանի որ Մոսկվան փնտրում է տարանցիկ այլընտրանքային ուղիներ:

Ռուսաստանը ԵՄ-ի գազի ամենամեծ մատակարարն է, և նրա ներխուժումն Ուկրաինա մեծացրել է մատակարարման խափանման մտավախությունները, ինչը Եվրոպայում գազի գների կտրուկ աճի պատճառ է դարձել:

XS
SM
MD
LG