ԱՄՆ-ում բենզինի գները նկատելիորեն են աճել: Նախորդ տարվա համեմատ աճը կազմում է ավելի քան երեսուն տոկոս: Դրա գլխավոր պատճառները ռուս-ուկրաինական պատերազմն է, եւ ԱՄՆ-ի նախագահ հայտարարությունն առ այն, որ «ԱՄՆ-ը թիրախավորում է Ռուսաստանի տնտեսության հիմնական զարկերակը։ Մենք արգելում ենք ռուսական նավթի, գազի եւ մյուս էներգակիրների բոլոր ներմուծումները’’, հայտարարել է Բայդենը:
Ռուսական էներգակիրների ներկրումն արգելելու որոշումը հրապարակվելուց անմիջապես հետո նույն քայլին դիմեց Մեծ Բրիտանիան: Միացյալ Թագավորությունը հայտարարեց, որ ռուսական նավթի ներմուծման ծավալներն այս տարվա ընթացքում կկրճատի ու լիովին կդադարեցնի աստիճանաբար: Եվրամիությունն էլ հայտարարեց, որ ռուսական բնական գազի ներկրումների ծավալները կկրճատի երկու երրորդով:
Մատակարարման կրճատումները և գների աճը, ըստ վերլուծաբանների, Մոսկվայի էներգետիկ եկամուտների վրա կարճաժամկետ հեռանկարում մեծ ազդեցություն չեն ունենա: Բայց վերջնական հաշվով, Ռուսաստանը մեծ վնասներ է կրելու:
Ինչպես Մարշալի հիմնադրամի ավագ գիտաշխատող Քրիսթին Բերզինան է Skype-ի միջոցով ասում,
«Ռուսական նավթի, բնական գազի կամ ածխի վաճառքի զգալի կրճատումը վնաս կհասցնի ռուսական տնտեսությանը, իսկ միայն այդ ապրանքների գնաճը մեծ ազդեցություն չի թողնի ԱՄՆ-ի ու եվրոպական տնտեսությունների վրա’’:
Ռուսաստանից ԱՄՆ ներմուծումը կազմում է Ամերիկայի էներգիայի մատակարարումների ընդամենը 8%-ը, մինչդեռ ԵՄ-ը հայտնի է Ռուսաստանից իր բնական գազի 40% և նավթի 27%-ի կախվածությամբ:
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը Associated Press-ի հետ հարցազրույցի ընթացքում ասել է, թե «ռուսական նավթի ծավալը դժվար է արագ փոխարինել եվրոպական շուկայում’’: Դա, նրա խոսքերով, կպահանջի ավելի քան մեկ տարի:
Ասենք, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ռուսական էներգակիրների նկատմամբ արգելքը սահմանել է թե՛ դեմոկրատ, թե՛ հանրապետական օրենսդիրների ուժեղ ճնշումից հետո: Նա թույլատրել է երկրի ռազմավարական պաշարներից վաճառքի հանել 30 միլիոն տակառ նավթ: Բացի այդ, ԱՄՆ-ը այժմ բանակցություններ է վարում նավթ արդյունահանող Վենեսուելայի և Սաուդյան Արաբիայի հետ, որպեսզի կարողանա լրացնել ռուսական մատակարարումների կորուստը:
Իսկ ինչ մոտեցում ունեն ամերիկացիներն այս հարցում:
Երկուշաբթի օրը հրապարակված հարցումների համաձայն, նրանց 71 տոկոսը կողմ է ռուսական նավթի արգելքին, նույնիսկ եթե դրա արդյունքում ստիպված է լինելու բենզինի համար վճարել շատ ավելի բարձր գին: