Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի ֆիննախի ֆինանսական հետախուզությունը զգուշացնում է, որ ՌԴ-ը կարող է փորձել շրջանցել պատժամիջոցները


ԱՄՆ ֆինանսների նախարարության Ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի ծառայությունը (FinCEN) նախազգուշացրել է ամբողջ աշխարհի ֆինանսական հաստատություններին, որ Ռուսաստանը կձգտի շրջանցել ԱՄՆ-ի բազմաթիվ պատժամիջոցներ, որոնք Վաշինգտոնը սահմանել է Ռուսաստանի նկատմամբ Ուկրաինա ներխուժումից հետո:

FinCEN-ը կոչ է արել զգոնություն ցուցաբերել՝ հատկապես պատժամիջոցները շրջանցելու համար դրածո ընկերությունների օգտագործման հնարավոր փորձերի առնչությամբ: Բացի այդ, հնարավոր են կրիպտոարժույթների օգտագործման և փոխանակման փորձեր: Ֆինանսական հետախուզությունը նաև զգուշացնում է հնարավոր հակերային հարձակումների մասին:

FinCEN-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հիմ Դասն ասել է, որ «Ռուսաստանի վրա աճող տնտեսական ճնշման պայմաններում ԱՄՆ ֆինանսական հաստատությունների համար կենսականորեն կարևոր է զգոն մնալ Ռուսաստանի կողմից պատժամիջոցներից խուսափելու հնարավոր քայլերի վերաբերյալ, այդ թվում՝ ինչպես պետական դերակատարների, այնպես էլ օլիգարխների կողմից»:

FinCEN-ը ֆինանսական հաստատություններին կոչ է արել անհապաղ հաղորդել կասկածելի գործողությունների մասին՝ կապված պատժամիջոցներից խուսափելու հետ և իրականացնել ռիսկերի վրա հիմնված պատշաճ ուսումնասիրություններ հաճախորդների վերաբերյալ:

Ըստ Հիմ Դասի՝ «կասկածելի գործունեության մասին հաղորդումը նպաստում է մեր ազգային անվտանգությանը և Ուկրաինային և նրա ժողովրդին աջակցելու մեր ջանքերին»։

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո Միացյալ Նահանգները մի քանի փուլով պատժամիջոցներ կիրառեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, նրա մերձավոր շրջապատի, մի շարք նախարարների, օլիգարխների, Կենտրոնական բանկի և խոշոր վարկային հաստատությունների դեմ:

XS
SM
MD
LG