Մատչելի հղումներ

ԱՄՆ օրենսդիրներն աջակցում են Ուկրաինային տրամադրվող օգնության ավելացմանը


Հաղորդվում է, որ Կոնգրեսը շուտով կհաստատի Կիևին շտապ ֆինանսական աջակցության տրամադրումը

Ամերիկացի օրենսդիրները բարձրաձայնում են Ուկրաինային ավելի շատ ռազմական օգնության տրամադրման մասին, քանի որ այն պայքարում է Ռուսաստանի ներխուժման դեմ:

ԱՄՆ Կոնգրեսը շուտով կհաստատի շտապ ֆինանսավորումը` 10 միլիարդ դոլար հատկացնելով Ուկրաինայի պաշտպանության և մարդասիրական կարիքներին, Fox News Sunday-ի եթերում ասել է սենատոր Քրիս Մերֆին:

Միևնույն ժամանակ, օրենսդիրները հնարավոր չեն համարում սահմանել Ուկրաինայի օդային տարածքում ոչ թռիչքային գոտի՝ ռուսական օդային հարձակումները զսպելու համար։

«Դա կնշանակի Երրորդ համաշխարհային պատերազմ», - կիրակի օրը ABC-ի եթերում ասել է հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն:

«Կարծում եմ, որ մենք կարող ենք շատ բան անել Ուկրաինային պաշտպանելու համար… բայց կարծում եմ, որ մարդիկ պետք է հասկանան, թե ինչ է նշանակում ոչ թռիչքային գոտին», - ասել է Ռուբիոն:

«Ես ոչինչ չէի բացառի», - կիրակի օրն ասել է դեմոկրատ սենատոր Ջո Մանչինը:

«Եթե ես լինեի նախագահ Զելենսկին, ես էլ ևս կխնդրեի ոչ թռիչքային գոտի ստեղծել: Խնդիրն այն է, որ Ուկրաինայի օդում ոչ թռիչքային գոտի չկա»,- ասել է Քրիս Մերֆին:

Պետքարտուղար Էնթոնի Բլինկենի խոսքով՝ նախագահ Ջո Բայդենը մշտական կապի մեջ է Վլադիմիր Զելենսկիի հետ՝ Ուկրաինայի լրացուցիչ ինքնաթիռների խնդրանքով։ Ինչպես նշել է պետքարտուղարության ղեկավարը, խոսքը, մասնավորապես, Ուկրաինային լեհական ինքնաթիռներ ուղարկելու մասին է։

XS
SM
MD
LG