Մատչելի հղումներ

ՄԱԿ-ը Ուկրաինայում Ռուսաստանի մարդու իրավունքների խախտումները վերահսկելու համար ստեղծել է հանձնաժողով


ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը ճնշող մեծամասնությամբ հավանություն է տվել Ուկրաինայի պատերազմի ընթացքում մարդու իրավունքների իրավիճակը գնահատող հատուկ հանձնաժողովի ստեղծման մասին բանաձեւին։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը ուրբաթ օրը՝ մարտի 4-ին, ձայների ճնշող մեծամասնությամբ հաստատել է հատուկ հանձնաժողով ստեղծելու մասին բանաձեւը, որը կվերահսկի ուկրաինական պատերազմի ժամանակ մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը։

47 երկրների ներկայացուցիչներից 32-ը կողմ են քվեարկել հանձնաժողովի ստեղծմանը, 13-ը ձեռնպահ են մնացել, այդ թվում՝ Չինաստանը: Դեմ են քվեարկել միայն երկու պետություն՝ Ռուսաստանի Դաշնությունն ու Էրիթրեան։

Հանձնաժողովի ստեղծումը ցույց է տալիս համաշխարհային հանրության աճող միասնականությունը Ուկրաինա ռուսական ռազմական ներխուժումը դատապարտելու հարցում։ Այսպես, Արաբական Միացյալ Էմիրությունները, Մավրիտանիան, Սենեգալը, Սոմալին միայն նախօրեին ծրագրել էին ձեռնպահ քվեարկել, գրում է Associated Press-ը, սակայն քվեարկության օրը նրանք նույնպես կողմ էին արտահայտվել բանաձեւի ընդունմանը։

Բանավեճի ընթացքում աշխարհի շատ երկրների ներկայացուցիչներ մեկը մյուսի հետևից դատապարտում էին Մոսկվայի գործողությունները։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմեր Զելենսկին ողջունել է որոշումը։ Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Եվգենյա Ֆիլիպենկոն քվեարկությունից հետո ասել է.«Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր քվեարկել են ճիշտ ուղեգծի օգտին»։

Դեռ պարզ չէ, թե ինչպես է կազմակերպվելու հանձնաժողովի աշխատանքը։ Ավելի վաղ Հաագայի միջազգային քրեական դատարանը հետաքննություն էր սկսել ենթադրյալ ռազմական հանցագործությունների վերաբերյալ, որոնք հակամարտության կողմերը կարող էին կատարել Ուկրաինայում։

Ռուսական իշխանությունները պնդում են, որ զինվորականները չեն կրակում քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ և փորձում են փրկել խաղաղ բնակիչների կյանքերը։ Ռուս պատվիրակն ասել է, որ բանաձեւի կողմնակիցներն օգտագործում են «ամեն միջոց՝ Ուկրաինայում տեղի ունեցող զարրգացումներում Ռուսաստանին մեղադրելու համար»։

XS
SM
MD
LG