Մատչելի հղումներ

ՄԱԿ-ի կառույցը հաղորդում է Ուկրաինայի խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին


Ռուսական զորքերի ներխուժման հետևանքով զոհվել է առնվազն 64 ուկրաինացի խաղաղ բնակիչ, ավելի քան 160 հազարը դարձել է փախստական։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը (The United Nations Office for the Coordination of Humanitarian Affairs - OCHA), հայտնում է Reuters գործակալությունը:

«Փետրվարի 26-ի ժամը 17-ի դրությամբ, OCHA-ն տեղեկություն ունի առնվազն 240 քաղաքացիական զոհերի մասին, այդ թվում՝ առնվազն 64 զոհվածների», - ասվում է գրասենյակի զեկույցում:

Նշվում է, որ ենթադրաբար զոհերի թիվը ավելի մեծ է։

Քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասի հետևանքով հարյուր հազարավոր ուկրաինացիներ մնացել են առանց ջրի և էլեկտրականության։ Հարյուրավոր տներ վնասվել և ավերվել են։ Ճանապարհներին և կամուրջներին հասցված վնասը հանգեցրել է որոշ բնակավայրերի մեկուսացման։

Զեկույցի համաձայն՝ ավելի քան 160 հազար ուկրաինացիներ ստիպված են եղել լքել իրենց տները, իսկ ավելի քան 116 հազարը՝ հեռանալ հարևան երկրներ։

Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը նաև նշել է, որ ՄԱԿ-ի գործակալությունները և մարդասիրական կազմակերպությունները ստիպված են դադարեցնել գործողությունները անվտանգության նկատառումներից ելնելով, սակայն պահպանել են իրենց ներկայացուցչությունները Ուկրաինայում:

XS
SM
MD
LG