Մատչելի հղումներ

New York Times. Ինչպես է Ռուսաստանն օգուտ քաղում Ջուլիան Ասանժի՝ Արեւմուտքի գաղտնիքների բացահայտումից


«Ամերիկայի Ձայն»-ը ներկայացնում է հատվածներ WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի՝ Ռուսաստանի իշխանությունների հետ հարաբերություններին նվիրված New York Times թերթի հոդվածից.

WikiLeaks կայքի կողմից Արեւմտյան երկրների գաղտնիքների բացահայտմանն ուղղված գործունեությունը հաճախ բխում է Ռուսաստանի ռեժիմի շահերից:

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը Ամերիկային դիտարկում է որպես իր իշխանությունը մյուսների վրա տարածող կայսրություն, որի հավատարմությունը մարդու իրավունքի եւ ազատ խոսքի գաղափարներին ձեւական է: Միեւնույն ժամանակ, Ասանժը վերջին տարիներին գրեթե ընդհանրապես չի քննադատում Ռուսաստանին եւ դրա նախագահ Վլադիմիր Պուտինին, ում կառավարությունն ընդդիմադիրների դեմ լրտեսություն եւ բանտարկություններ է իրականացնում:

Վերջին տարիներին WikiLeaks-ի կողմից հրապարակված գաղտնի տվյալները հաճախ ի շահ են եղել Ռուսաստանին եւ վնասել Արեւմուտքի շահերին:

Պատասխանելով այն հարցին, թե ինչու WikiLeaks-ը Պուտինին չի քննադատում, Ասանժն ասել է, որ ռուսաստանյան կոռուպցիան ոչ ոքի համար նորություն չէ այլեւս: Դրանից բացի, «Պուտինին քննադատում է ամեն մեկը եւ դա արդեն ձանձրացրել է»:

2006-ին հիմնադրելով WikiLeaks կայքը, Ասանժը հայտարարում էր. «Մեր հիմնական թիրախներն են Չինաստանի, Ռուսաստանի եւ Կենտրոնական Ասիայի ճնշող ռեժիմները»։ Դեռ 2010-ին նա խոստանում էր Վլադիմիր Պուտինի ու նրա մոտ մարդկանց մասին ապշեցնող նյութեր հրապարակել, որոնք այդպես էլ լույս չտեսան:

WikiLeaks կայքը հրապարակել է ռուսական ընկերությունների շահերից բխող բազմաթիվ Ամերիկյան եւ Չինական ձեռնարկությունների գաղտնի ֆինանսական փաստաթղթեր:

Հատկանշական է, որ երբ հրապարակվեցին Վլադիմիր Պուտինի շրջապատի միլիարդավոր կարողությունները բացահայտող Պանամյան փաստաթղթերը, Ջուլիան Ասանժը դրանք հրապարակողներին խիստ քննադատության ենթարկեց, ասելով, որ դրանք Ռուսաստանի նախագահի դեմ են ուղղված:

WikiLeaks-ի կողմից հրապարակված ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության գաղտնի հաղորդագրություններն առաջին փաստաթղթերն են, որոնց մասին Ամերիկյան հատուկ ծառայություններից հայտնի է, որ դրանք ուղղակի գողացվել են ռուսական հատուկ ծառայությունների կողմից:

Այժմ 45-ամյա Ջուլիան Ասանժն ապրում է Լոնդոնում Էկվադորի Դեսպանատան երկու փոքր սենյակում: Դրանցից մեկը կահավորված է մահճակալով, աշխատասեղանով, հեռախոսով, համակարգճով եւ փոքր խոհանոցով։ Մյուս սենյակում Ասանժը հանդիպում է իր մոտ եկող հազվադեպ այցելուներին: Դրանցից մեկի խոսքով, արեւի պակասից Ասանժի մոտ նկատվում է D վիտամինի պակաս եւ ընկճվածություն:

XS
SM
MD
LG