2016 թվականի Օլիմպիական խաղերը Ռիոյում անցկացվեցին առանց ձախողումների՝ ոմանց նվիրելով քրտնաջան աշխատանքի արդյունքում վաստակած մեդալները, ոմանց՝ ապացուցելով, որ հաղթանակի համար դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու, մյուսներին էլ թողնելով անարդարության խորին զգացումով:
Հայաստանը Ռիոյում.
Հայաստանի համար Ռիոյի Օլիմպիական խաղերը պատմական էին ռեկորդային՝ 33 հոգուց բաղկացած թիմը նվաճեց 4 մեդալ, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության առաջին ոսկե մեդալը:
Ամերիկահայ մարմնամարզիկ Հուրի Գեբեշիանը օգոստոսի 7-ին պատմություն մտավ որպես Հայաստանը Օլիմպիական խաղերում ներկայացնող առաջին կին մարմնամարզիկը:
Օգոստոսի 15-ին ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց Հայաստանի առաջին մեդալը այս տարվա խաղերում՝ տղամարդկանց 105 կգ քաշային կարգում զբաղեցնելով երկրորդ տեղն ու արժանանալով արծաթե մեդալի:
Օգոստոսի 16-ին ըմբիշ Միհրան Հարությունյանը նվաճեց Հայաստանի երկրորդ արծաթե մեդալը: Եզրափակչին հասնելու համար Միհրանը 4-1 հաշվով հաղթանակ էր տարել աշխարհի չեմպիոն՝ Ադրբեջանը ներկայացնող Ռասուլ Չունայեվի նկատմամբ:
Նույն օրը ավելի ուշ, ըմբշամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը նվաճեց Օլիմպիական խաղերում Հայաստանի Հանրապետության առաջին ոսկե մեդալը:
Ըմբիշների հաղթանակին օգոստոսի 16-ին հաջորդեց նաև ծանրամարտիկ Գոռ Մինասյանի Հայաստանի համար նվաճած՝ երրորդ արծաթե մեդալը: Մինասյանը արծաթե մեդալ էր նվաճել նաև 2010 թվականի երիտասարդական Օլիմպիական խաղերում:
Փաստեր Ռիոյից.
Սա Հարավային Ամերիկա մայրցամաքում անցկացված առաջին Օլիմպիական խաղերն էին:
Մեդալների թվով առաջատարն է Միացյալ Նահանգները 121 մեդալով, որին հաջորդում են Մեծ Բրիտնիան՝ 67, այնուհետև Չինաստանը 70 մեդալով:
112 տարվա դադարից հետո Գոլֆ սպորտաձևը կրկին ընդգրկվեց Օլիմպիական խաղերում, որին միացավ նաև Ռեգբի սպորտաձևը 92 տարվա դադարից հետո:
Խաղերին մասնակցած ամենաերիտասարդ մարզիկը, Նեպալը ներկայացնող 13 տարեկան լողորդ Գաուրիք Սինգհն էր:
Պատմության մեջ առաջին անգամ փախստականներից բաղկացած թիմ էր մասնակցում խաղերին:
Հիշարժան իրադարձություններից.
Ջամայկայի հռչակավոր վազորդ Յուսեին Բոլթը ավարտեց Օլիմպիական կարիերան ևս մեկ ոսկե մեդալի նվաճումով:
Բրազիլիան նվաճեց Օլիմպիական առաջին ոսկե մեդալը ֆուտբոլում:
ԱՄՆ-ի թիմի լողորդ Մայքլ Ֆելփսը ևս մեկ Օլիմպիական ռեկորդ սահմանեց՝ դառնալով 23 ոսկե մեդալի կրող:
Եգիպտոսի ձյուդոիստ Իսլամ Էլ Շեհաբը խաղերից հեռացվեց Իսրայելի մարզիկի ձեռքը չսեղմելուպատճառով:
Եվ իհարկե 2016 թվականի Օլիմպիական խաղերի ամենից զվարճալի դրվագը Մոնղոլիայի ըմբշամարտի թիմի մարզիչների վրդովմունք արտահայտելու եղանակն էր, երբ նրանք դուրս եկան բեմ հանելով իրենց հագուստը: