Հեղինակները հոդվածը սկսում են ականավոր դիվանագետ Հենրի Քիսսինջերի այն խոսքերով, թե միջազգային հարաբերություններում երկրները մշտական բարեկամներ կամ թշնամիներ չունեն, այլ միայն շահեր: Նրանք այս խոսքերը համեմատում են երեքշաբթի օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և նրա «սիրելի ընկեր, հարգարժան Վլադիմիր Պուտինի» դիվանագիտական հարաբերությունների վերսկսման ցուցադրական դրսևորման հետ:
«Սթրաթֆոր» -ի վերլուծաբանները մեջբերում են Վլադիմիր Պուտինի խոսքերը,- «Մեր գերագույն նպատակն է մեր հարաբերությունները բերել ինքնաթիռի կործանման ճգնաժամին նախորդող կարգավիճակին»: Սակայն վերլուծաբանները կարծում են, որ դա այնքան էլ հեշտ գործ չէ, հաշվի առնելով նրանց շահերը տարածաշրջանում:
Վերլուծաբանները գրում են, որ գերհզոր երկրների ուժերը տարածվում էին Մերձավոր Արեևելքում, Թուրքիային աստիճանաբար դրդելով գործողություններ ծավալել իր սահմաններից դուրս:
Հոդվածի հեղինակների խոսքերով, աշխարհին ապացուցելու համար, որ ռուս-թուրքական հարաբերությունները վերականգնվել են և ոչ մի խոչընդոտ չկա, Պուտինն ու Էրդողանը տնտեսական բնագավառում շատ խոստումներ են տալիս, սակայն աշխարհաքաղաքական դիրքում ոչինչ չի փոխվել: Երկու երկրներին էլ ձեռնտու է միասին գործարքներ իրականացնելը: Թուրքիան չի կարող գոյատևել առանց Ռուսաստանի բնական գազի, իսկ Ռուսաստանին դեպի Եվրոպա տանող այլընտրանքային ճանապարհ է անհրաժեշտ:
«Սթրաթֆոր»-ի վերլուծաբանների կարծիքով, նույնիսկ եթե Պուտինը սկսի համագործակցել Էրդողանի հետ, նա կշարունակի Սիրիայի առճակատումը օգտագործել Թուրքիայի դեմ, որը հատկանշական տեղ ունի Սև ծովի տարածքում ուժերի տեղակայման ՆԱՏՕ-ի որոշումներում և նշանակալի դերակատար է Կովկասյան տարածաշրջանում, որտեղ Ռուսաստանը փորձում է խորացնել իր ազդեցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջոցով:
Հոդվածը եզրափակվում է այն գաղափարով, որ Պուտինն ու Էրդողանը երկու զորեղ տղամարդիկ են, հսկայական աշխարհաքաղաքական ձգտումներով: Նրանք չեն ձգտում ընկերներ ձեռք բերել, այլ ուղղորդվում են իրենց ազգերի շահերից: Թերևս հարկ է նշել, որ դեռևս բազմաթիվ իրավիճակներ կլինեն, երբ Ռուսաստանի և Թուրքիայի շահերը չեն համընկնի: