Մատչելի հղումներ

Վլադիմիր Կլիչկո. «Ուկրաինան քաղաքացիական պատերազմի եզրին է»


Ուկրաինայի ընդդիմության առաջնորդի կրտես եղբայրն ուղերձով հանդես է եկել Նյու Յորքում

Ուկրաինայի ընդդիմության առաջնորդ Վիտալի Կլիչկոյի կրտսեր եղբայր Վլադիմիր Կլիչկոն «Ամերիկայի Ձայն»-ի ռուսական ծառայությանը տված բացառիկ հարցազրույցում ասել է, որ Ուկրաինան քաղաքացիական պատերազմի եզրին է՝ հույս հայտնելով, որ ընդդիմությունը կհաջողվի վերահսկողությունից բաց չթողնել երկրում ստեղծված իրավիճակը:

Հանդես գալով Նյու Յորքում հավաքված ուկրաինական համայնքի ներկայացուցիչների առջև՝ Վլադիմիր Կլիչկոն ասել է, որ թեպետ ինքը քաղաքական գործիչ չէ, սակայն լիովին սատարում է իր ավագ եղբորը, որն «այժմ մասնակցում է իր կյանքի ամենադժվարին մենամարտում»:

Իր ելույթում Վլադիմիր Կլիչկոն բազմիցս շեշտել է Ուկրաինայում բռնությունները դադարեցնելու անհրաժեշտությունը՝ խոստովանելով, որ երկու կողմերը՝ և՛ կառավարությունը, և՛ ընդդիմության որոշ տարրեր, «հատել են թույլատրելի սահմանը»: Նա միաժամանակ շեշտել է, որ ընդդիմությունը մինչ այժմ հրազեն չի կիրառել՝ չնայած այն հանգամանքի, որ բնակչության ձեռքում բավականին մեծ քանակությամբ զենք կա:

Ուկրաինայի ընդդիմության առաջնորդ Վիտալի Կլիչկոյի կրտսեր եղբայր Վլադիմիրը նաև ասել է, թե «Ուկրաինային նոր կառավարություն է անհրաժեշտ», և որ «մարդիկ չեն լքելու Մայդանը»:

Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ուկրաինայի գործերում միջամտությանը՝ Վլադիմիր Կլիչկոն ասել է, թե նույնիսկ չի ցանկանում մտածել նման հնարավորության մասին՝ հավելելով, որ Ուկրաինայի և Ռուսաստանի եղբայրական ժողովուրդները միավորում է համատեղ պատմությունը:

Որպես օրինակ Վլադիմիր Կլիչկոն բերել է իրեն ու իր եղբորը: «Մենք տարբեր մարդիկ ենք, ամեն մեկս իր բնավորությունն ունի: Սակայն նույնիսկ երբ մեր միջև տարաձայնություններ են առաջանում, մենք չենք դադարում եղբայր լինելուց», - ասել է նա:
XS
SM
MD
LG